ԿարևորՔաղաքական

Կառավարության կազմը՝ վարչապետի գլխավորությամբ վայելում է մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը. ՀՀ նախագահ

տեղադրված 12.02
լրացված 16.48

Կառավարության նիստն այսօր սկսվել է ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արդեն ավանդական դարձած հանձնարարականներով, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին՝ իրենց պաշտոններում նշանակվելու, իսկ ավելին ճիշտ հիմնականում վերանշանակվելու առթիվ:  Նախագահը նշել է, որ ապահովվել է գործադիրի աշխատանքի շարունականությունը և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: «Երևանի քաղաքապետի պաշտոնամուտին իմ խոսքում ընդգծել էի, որ  մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017թ ընտրական շրջանը»,- ասել է ՀՀ նախագահը:

«Կառավարության ծրագրի հաստատմամբ, կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը։ Մեր խնդիրն է  այն արդյունավետ ու հնրավորինս անցնցում անցկացնել: Մեր ստացված մանդատը բավարար է միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարուանկել նախկինում ստեղծված ձևաչափով, ՀՅԴ-ի հետ ձևավորել ենք կառավարությունը, որը ունակ է լուծելու իր առջև դրված խնդիրները»։

Մենք շարունակելու ենք միասնական ու կուռ թիմով իրականացնել նախանշված ծրագրերը,-  հայտարարել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ  թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում, օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-ում։

«Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր քաղաքակլան թիմի լիակատար վստահությունը»:

Նախագահի խոսքով, իրենք պատրաստ են համագործակցության, միակ նախապայմանը՝ քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումն է: Քննադատությունը ըստ Սերժ Սարգսյանի, նշված նորմերի խախտում չի, հատկապես, եթե այն կառուցողական է, իրավիճակը բարելավելու նպատակ ունի: Նախագահը անդրադարձել է նաև կառավարության գործունեության ծրագրին ու Սահմանադրական փոփոխություններին։

Ստերեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը․

«Հարգելի՛ գործընկերներ,

Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում:

Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները:

Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը:

Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս:

Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը:

Հարգելի՛ գործընկերներ,

Գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները:

Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա:

Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը:

Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը:
Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը:

Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը:

Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է:

Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:

Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը:

Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ:

Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր:

Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը:

Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել:

Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,-կառավարության նիստի օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է:

Ցուցադրել ավելի
Back to top button