Հասարակություն

Եվրադատարանի հարցերը Բաքվին ու Բուդապեշտին տրված են, պատասխանները՝ ստացված


Ինչ փուլում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի  սպանության գործով 2013 թվականի փետրվարին ՄԻԵԴ ներկայացված դիմումը: Եվրոպական դատարանն արդեն առաջադրել է հարցեր՝ ուղղված Բուդապեշտին ու Բաքվին և ստացել պատասխանները: Ըստ էության արդեն ակնկալվում է վճռի կայացումը, այն ամենայն հավանականության կհրապարակվի այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին: Փաստաբան Նազելի Վարդանյանը չի բացառում քաղաքականության ազդեցությունը դատարանի եւ նրա որոշման վրա:

13 տարի առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին  մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի  սպանության գործով 2013 թվականի փետրվարին ՄԻԵԴ ներկայացված դիմումի պատասխանն ամենայն հավանականությամբ կհրապարակվի այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց  Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Ինչպիսին կլինի վճիռը՝ դժվար է ասել։ Նա չի բացառում քաղաքականության ազդեցությունը դատարանի եւ նրա որոշման վրա:

«2016 թվականին ընթացք է տրվել, հարցեր են տրվել Հունգարիայի կառավարությանն ու Ադրբեջանին, պատասխանները ստացվել են, այս տարվա վերջին երեւի թե վճիռը կունենանք»:

Այն, որ գործի մեծ մասն արված է, հաստատեց նաև հարցով  հետամուտ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հ/կ նախագահ  Հայկուհի Հարությունյանը: Նա ևս հստակեցրեց, որ ՄԻԵԴ-ը հարցերն ուղարկել է Հունգարիայի Հանրապետությանն ու Ադրբեջանի Հանրապետությանը եւ ստացել է պատասխանները:

Պատասխաններն ստանալուց հետո դատարանն անցել է արդեն որոշման ընդունման փուլին և չկա ժամկետ, թե երբ կհրապարակվի վճիռը՝ ճշտեց նա:

Ի դեպ՝ Նազելի Վարդանյանը, ի տարբերություն հնչած կարծիքի, չի բացառում քաղաքական ազդեցությունը վճռի վրա: Եթե նախկինում ադրբեջանական մամուլն ակտիվ գրում էր այս գործի մասին, ապա այսօր քար լռություն է, և դժվար է հասկանալ, թե ինչ տրամադրություններ կան մեր հակառակորդ երկրում:

 

Back to top button