Տնտեսական

Բիզնես ֆորում` վրացական 30-ից ավելի ընկերությունների մասնակցությամբ


Հայաստան է այցելել վրաց գործարարների պատվիրակություն՝ այդ երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հանդիպման եւ պայմանավորվածությունների շրջանակներում: Երեւանում էլ այսօր կայացել է հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցել են երկու երկրների նախարարները, առեւտրաարդյունաբերական պալատների նախագահները, գործարարներ: Ի՞նչ փոխադարձ հետաքրքրություններ են երկու երկրների գործարարներին հավաքել մեկ հարկի տակ:

Շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերն են հայ-վրացական երեւանյան ֆորումի մասնակիցների քննարկումների օրակարգում: Ֆորումի շրջանակներում տեղի կունենան նաեւ կլոր սեղաններ եւ բիթուբի հանդիպումներ վրացի եւ հայ գործարարների միջեւ: Ակնկալվում է, որ դրանց արդյունքում հնարավոր կլնի ինչպես համատեղ արտադրանք ստեղծելը, այնպես էլ այլ շուկաներ մուտք գործելու համար Հայաստանի եւ Վրաստանի առավելություններն օգտագործելը՝ ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Հայաստանի արտահանման ծավալի ընդամենը 8.2 տոկոսն է, որ ուղղվում է դեպի Վրաստանի Հանրապետություն եւ այդտեղ մենք լուրջ աշխատանքներ ունենք իրականացնելու մեր գործարարների հետ: Այդ ծավալը մենք առնվազն կարող ենք կրկնապատկել»:

Վրաստանի Էմոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան կարծում է, որ շատ են այն ճյուղերը, որտեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են: Ղեկավարությունների համար, սակայն, նրա ձեւակերպմամբ, ամենագլխավորն այն է, որ ձեւավորվեն ենթակառուցվածքներ, որտեղ բիզնեսները միմյանց հետ կփոխգործակցեն արդյունավետ:

«Սա ամենագլխավոր խնդիրն է: Ես կարծում եմ, որ բնագավառները մասերով կքննարկեն գործարարներն իրենք, բայց կան բացարձակ առաջնահերթություններ. դա, իհարկե, գյուղատնտեսությունն է, տրանսպորտը, լոգիստիկան, տուրիզմը: Դա, իհարկե, այն հնարավորություններն ու հաջողություններն են, որոնք կան մեր երկրներում: Մենք պետք է կարողանանք կիսվել մեր հաջողություններով, որպեսզի միասին՝ համատեղ արտադրություններով կարողանանք դուրս գալ երրորդ երկրներ: Ես կարծում եմ, որ դա հիմնական խնդիրն է»:

Վրացական կողմն ակնկալում է, որ նման հանդիպումները կդառնան հաճախակի: Գիորգի Գախարիան նկատում է, որ երկու երկրների շատ ընկերություններ ունեն լավ փոխհարաբերություններ եւ 2017 թ.-ին ապրանքաշրջանառությունն սկսել է կամաց-կամաց կայունանալ, անգամ՝ աճել, բայց, նրա համոզմամբ, դեռեւս կա հսկայական ներուժ:

«Ես կարծում եմ, որ 350- 400 միլիոն դոլարի առեւտորը մեր երկու հարեւան երկրների միջեւ շատ քիչ է: Մենք պետք է այստեղ աճ ունենանք»:

Բիզնես ֆորումին վրացական 30-ից ավելի ընկերություն է մասնակցում՝ ամենատարբեր ոլորտներից, հայկական կողմից՝ ավելի քան 120: Կան երկուստեք հետաքրքրություններ ու կոնկրետ ակնկալիքներ երկու երկրների գործարարների շրջանում՝ մեզ հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին հույս հայտնեց, որ դեմառդեմ հանդիպումները արդյունավետ կլինեն եւ կունենան իրենց զարգացումը:

Հայաստանի եւ Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Կողմերը վստահ են, որ այն նույնպես կօժանդակի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի առաջընթացին՝ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button