Հասարակություն

Արցախյան գոյամարտի կինոտարեգիրների հուշերը՝ «Նրանք նկարում էին պատերազմը» գրքում


Լույս է տեսել «Նրանք նկարում էին պատերազմը» երկլեզու գիրքը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության եւ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում տեղ են գտել Արցախյան պատերազմի 1991-1994 թթ կինովավերագրողների հետ արված հարցազրույցները, որոնք պարբերաբար հրատարակվել են «Կինոաշխարհ» (kinoashkharh.am) մասնագիտացված կայքի «Պատերազմի վավերագրողները» շարքում: Արցախյան պատերազմի սկիզբը, թեժ ընթացքն ու ավարտը՝ մինչև հրադադար, մեծ ու փոքր պատառիկներով կինոխրոնիկա է դարձել մեծ մասամբ սեփական նախաձեռնությամբ, մասնագիտական պարտքը կատարելու մղումով Արցախ մեկնած օպերատորների, կինովավերագրողների, լրագրողների շնորհիվ: Նրանք բոլորը 1991-1994 թթ եղել են առաջնագծում և վավերացրել են արցախյան պատերազմի տարեգրությունը:  34 վավերագրողների հուշ-պատմությունները՝ ինքակենսագրական տեղեկություններով, ֆիլմոգրաֆիայով, հավաքվել ու մեկտեղվել են գրքում, որի շնորհանդեսին այսօր ներկա էին հենց իրենք՝ վավերագրողները:

 

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, պատերազմի վավերագրության փորձ չունեին: Ուստի ինչպես ազատամարտիկներն էին ճակատ մեկնում կամավոր, այնպես էլ լրագրողներն ու օպերատորները: Յուրաքանչյուր լրատվամիջոց իր հայեցողությամբ ու հնարավորությունների սահմաններում էր աշխատակիցներին ուղարկում ճակատ: Ընդ որում՝ նրանք առաջնագիծ էին մեկնում տեխնիկական ու նյութական շատ սուղ հնարավորություններով, չունենալով փոխադրամիջոց, երբեմն՝ սիրողական տեսախցիկներով և առանց տեսաերիզների անհրաժեշտ պաշարի:  Կյանքի գնով արված  նկարահանումները երբեմն ոչնչացնում էին սեփական ձեռքերով, որպեսզի տվյալ ժապավենի վրա կադրեր անեին։

Իսկ պահպանված ժապավեններն էլ մեծ դժվարությամբ, ամենավտանգավոր ճանապարհներով ու փոխադրամիջոցներով էին հասցվում շրջափակված Հայաստանի հեռուստատեսություն: Այն, ինչ են տեսել նրանք Արցախում տեսախցիկի օբյեկտիվով ու օբյեկտիվից դուրս, ինչ զգացել են ու ապրել, ինչն արձանագրել են մեկտեղված է «Նրանք նկարում էին պատերազմը» գրքում, որի շնորհանդեսին այսօր ներկա էինք: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև 87- ամյա Լևոն Աթայանցը։ Այն ժամանակ էլ տարիքով ամենամեծն էր, երբ մեկնեց առաջնագիծ: 66 տարեկան օպերատորի զենքը սեփական տեսախցիկն էր:

Սեփական տեսանկարահանող զենքով առաջնագծում պատերազմում էր նաև ռազմական օպերատոր Արա Շարբաթյանը: Ավելին, դա իր ամենօրյա աշխատանքն էր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ռազմական օպերատորը:

Թեժ մարտերին իր տեսախցիկով հետևել և դրանք փաստագրել է նաև Շավարշ Վարդանյանը: Դրանք ևս այժմ օգտագործվում են պատմական տարբեր՝ «Արարատ», «Թիրախ», «20 օր Արցախում», «Ցեղի կանչը» ֆիլմերում:

Պատերազմի վավերագրողներին «Կինոաշխարհում» ներկայացնելու առաջարկը, ի դեպ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի մեր գործընկերոջ՝ Ալիսա  Գևորգյանինն էր։ Եվ այդ առաջարկը ընդունվեց՝ ասում է ժողովածուի համահեղինակ Ռուզան Բագրատունյանը:

Մինչդեռ հանրությունը պետք է ճանաչի ու երախտագիտություն հայտնի այն մարդկանց, որոնք քաջություն են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ վտանգելով սեփական կյանքը: «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհիվ ընթերցողը կարող է պատկերացում կազմել, թե ովքեր են եղել մեր ռազմաճակատի կինոգործիչները և ինչ պայմաններում են աշխատել: Գրքում նրանք 34- ն են, սակայն համոզված ենք՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է:

Նկարը՝ Մեդիամաքսի

Ցուցադրել ավելի
Back to top button