Իրանը զգուշացնում է՝ Իսրայելին չներգրավել Ղարաբաղյան խնդրում


ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպման շրջանակում ունեցել է մի շարք հանդիպումներ։ Մեր ուշադրությունը գրավեց այդ հանդիպումներից մեկը՝ Իրանի մեջլիսի Նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկուստեք կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր. հիմքում ունենալով խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Սակայն իրանական աղբյուրները հանդիպման մասին իրենց հաղորդագրություններում նշում են նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Իրանի խորհրդարանի ղեկավարի արտահայտությունը։
Սեուլից ստացվող պաշտոնական հաղորդագրությունը հիմնականում հանդիպման պաշտոնական հատվածին էր վերաբերում, եւ նկարներով կարող ենք ասել, որ ԱԺ նախագահի հանդիպումները անցել են ջերմ մթնոլորոտւմ: Նույնքան ջերմ է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը՝ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի հետ: Տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեցող հարցերի թվում, ըստ իրանական աղբյուրների, Լարիջանին անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ հետեւյալ միտքն արտահայտել. «Իսրայելի ներգրավածությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում բացասական ազդեցություն կունենա»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ունենք բավական հետաքրքիր իրավիճակի փոփոխություն, եւ հիշեցնում վերջին երկու կարեւոր ուղերձները: Առաջինը հնչեց օրեր առաջ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմի շուրթերից, իսկ երկրորդն այսօր՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի:
Որն էր նման սուր հայտարարությունների պատճառը: Սուր, քանի որ Թեհրանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում միշտ ցուցաբերել է զգուշավոր տոնայնություն: Ըստ իրանագետի, վերջիններս ուղիղ կապ ունեն ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման հետ: Իրանի արտգործնախարարի խոսնակի հայտարարությունը տեղավորվում է վերջերս Բաքվում գտնվող Իսրայելի վարչապետի այցի շրջանում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների համատեքստում, իսկ Լարիջանիի հայտարարությունը պատասխան էր ադրբեջան-իսրայելական ռազմական հարաբերությունների սերտացման, եւ, ըստ լրահոսի, Իսրայելը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել ամենաարդիական սպառազինությունների խմբաքանակ: Թեհրանն անհանգստացած է՝ նշեց Ոսկանյանը՝ շեշտելով, որ գնված սպառազինությունները, չնայած օգտագործվում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում, տեղակայված են Իրանի հյուսիսային սահմանի մոտ:
Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական արտադրության ռազմական անօդաչու սարքեր հայկականի կողմի դեմ, սակայն նույն այդ սարքերը, արդեն հետախուզական նպատակով օգտագործում է Իրանի դեմ։ Դրա մասին մեկ անգամ չէ, որ պաշտոնական Թեհրանը բարձրաձայնել է: Հետեւաբար, ըստ Վարդան Ոսկանյանի, երկու մեսիջներն էլ զգուշացում են Բաքվին, առաջինի դեպքում՝ Ղասեմին շեշտում է, որ նման վարքագծի պայմաններում միջազգային սկզբունքներից Իրանի նախապատվությունը կտա Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, երկրորդի պարագայում՝ քննադատվում է ղարաբաղի հակամարտությանը Իսրայելի ներքաշումը։
Ի դեպ, ճանաչողական այցով Ստեփանակերտում է իսրայելցի քաղաքագետ, հասարական գործիչ Ավիգադոր Էսկին: Քաղաքական գործիչը տեղյակ է, որ այցելելով Արցախ, ինքը հայտնվելու է Բաքվի այսպես կոչված «սեւ ցուցակում», բայց ցանկություն է հայտնել իր աչքերով տեսնել այն երկիրը, որտեղ ընթանում է պատերազմ՝ նշելով, որ Հայաստանը եւ Ղարաբաղը արժանի են, որ իրենց նեցուկ կանգնեն եւ արդար գործը հաղթի: Էսկին Արցախ է մեկնել արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: Տեղեկացնենք, որ դեսպանի խմբագրությամբ գործող diplomat. am կայքի ռուսական բաժինը մշտապես տպագրել է իսրայելցի քաղաքական գործչի հարցազրույցները:
Նախօրեին արդեն տեղի է ունեցել հանդիպում Արցախի խորհրդարանում, քաղաքական եւ հասարակական տարբեր շրջանականների ներկայացուցիչների հետ, շրջել տեսարժան վայրերով, բացահայտել Արցախը եւ արցախցուն. «Նրա համար, սա մի նոր էջ, եւ հասկանում է, որ կա մի պետություն, մի ժողովուրդ, որը չլինեովիջազգային իրավունքի սուբյեկտ, կայացած պետութուն է, դե ֆակտո: Իրա համար Ամերիկայի նման մի բան է: Այսօր գաղափարախոսական արաշավ է իրականացվում ամեն մի հայկականի դեմ, Ղարաբաղի: Շատ զարմացած էր, եւ ասում էր, որ կարծում էի, որ պետք է պատերազմաական պատկեր պետք է տեսնեի: Ամեն րոպե իր զարմաքնն ու հիացմունքն է արտահայտում»:
Հետաքրքիր է, որ իսրայելցի քաղաքական գործչի տոնայնությունը ղարաբաղյան հարցում փոխվել է։ Ավելի վաղ այն ավելի, այսպես ասենք, ադրբեջանամետ էր։ Արման Նավասրադյանը նշում է՝ Իսրայելը միատար երկիր չէ: Ի դեպ, րոպեներ առաջ իսրայելցի քաղաքական գործիչը հանդիպել է Արցախի նախագահի հետ, բայց դեռ չի համտեսել ավանդական ժինգյալով հացը: