Մշակույթ

Հուլիսի 22-ին Ծաղկաձորում կբացվի մնջախաղի միջազգային փառատոնը


Հուլիսի 22-26-ը Ծաղկաձորը թատերական շունչ կստանա. Ծաղկաձորում կանցկացվի Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը, որի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է Գերմանիան, Չեխիան, Ֆրանսիան, Բանգլադեշը, Ռուսաստանի երեք քաղաքներ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը,  Արցախը:  Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Մնջախաղի թատրոնին կից խուլերի «ՄԵՆՔ» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մնջախաղի կուրսի ուսանողներ, «Պարային ռեժիսուրա» բաժնի դիպլոմային աշխատանքներ, անհատ կատարողներ, իլյուզոնիստներ: Փառատոնի օրերին ցուցադրություններ կլինեն Ծաղակաձորի Ծաղկունյաց և Օրբելիների հրապարակներում տեղի կունենան վարպետության բաց դասընթացներ: Ավանդույթի համաձայն երևանյան հանդիսատեսը կարող է դիտել ներկայացումները օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք սահմանված ժամանակացույցով, փառատոնի օրերին կտեղափոխեն հանդիսատեսին Երևան- Ծաղկաձոր- Երևան երթուղով:

 

 

Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ  փառատոնին նվիրված ասուլիսում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրեց՝ Ծաղկաձորում մենք ունենալու ենք թատերական հրավառություն:

«Ինչպես ասում էր Լեոնիդ Ենգիբարյանը.

Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:

Մնջախաղի փառատոնով մենք փորձելու ենք  իրականացնել Ենգիբարյանի այս ցանկությունը՝ «գողանալ» Հայաստան ժամանած զբոսաշրջիկների սիրտը, որպեսզի փառատոնով նաև ներկայանալի  դարձնենք  մեր հայրենիքը, որպեսզի ժամանակակից  արվեստի միջոցով հաճույքով Հայաստան վերադառնալու ցանկություն արթնացնենք մարդկանց սրտերում»:

Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: Փառատոնին այս տարի աջակցում է «Արարատ» բանկը:

Բանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին լսենք

«Տարիներ շարունակ բանկի  առաջնահերթությունների ցանկում են եղել կրթությունն ու մշակույթը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ կարող ենք օգտակար լինել այս միջոցառմանն ու մնջախաղի թատրոնին, որի գործունեությունն ինքս  շատ կարևորում եմ: Մեր երկրում գերակա ուղղություն հայտարարված զբոսաշրջության ոլորտում Մնջախաղի թատրոնը  կարող է դառնալ հրաշալի այցեքարտ»:

«Երևանի մնջախաղի թատրոնի հետ համագործակցությունը փառատոնով չի սահմանափակվի: Բանկը թատրոնի կողքին կլինի երկար ժամանակ»,-խոստացավ  Աշոտ Օսիպյանը: Երևանի  մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի՝ վստահելի գործընկեր ունենալու տարիների ցանկությունն իրականացել է, իսկ հաջողությունը սնում է լավատեսությունը.

«Համոզված եմ , որ ուղիղ մեկ տարի անց Մնջախաղի թատրոնը կունենա իր վերանորոգված շենքը: Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի շուրջ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»:

Ասաց Դադասյանը, իսկ մշակույթի նախարարը հավելեց՝ գումարը հատկացված է:

«Հանրապետության նախագահի ուղիղ հանձնարարականով բյուջեում  նախատեսված շուրջ 209 միլիոն դրամը կծառայի շենքի հիմնանորոգմանը: Կարծում եմ, որ առավելագույնը մեկ տարի անց մենք կտոնենք Երևանի մնջախաղի թատրոնի նորամուտը, ինչը անկախ Հայաստանի պատմության մեջ  լուրջ ձեռքբերում կլինի»,-հավելեց մշակույթի նախարարը՝ նշելով, որ մոտ  ապագայում կհայտարարեն նաև իր լուծումը գտած երկրորդ թատրոնի շենքի  մասին: Խոսքը վերաբերում էր  Համազգային  թատրոնի շենքին»:

«Հայաստանում թատրոնը պահանջված է, թատրոնի  հանդեպ սեր, անգամ քաղց կա».

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը  սրանում հերթական անգամ համոզվել է օրերս, երբ մշակույթի նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Մնջախաղի թատրոնի կոլեկտիվը Արթիկում  ու  Մարալիկում էր՝ «Գիրք ծաղկանց»  ներկայացումով:

«Մարդիկ մոտենում ու հուզմունքից չէին կարողանում խոսել: Չափազանց տպավորված էին ու գոհ, որ իրենց երեխաներն էլ վերջապես այդ ամենին ծանոթանալու, արվեստի հետ շփվելու  հնարավորություն ստացան»,-ասում է Դադասյանը: Արմեն Ամիրյանի խոսքով՝ «Մշակութային կանգառը» մարզերում մշակութային կյանքը «վերակենդանացնելուն» միտված ծրագիր է,  և մինչ օրս իրականացրած ավելի քան 260 «Մշակութային կանգառներից» հետո կարող են արձանագրել, որ վերակենդանացման նշույլներն  արդեն իսկ տեսանելի են:

Back to top button