Քաղաքական

Վրաստանի և Հայաստանի միջև բաժանարար գծեր չպետք է առաջանան. Արմեն Աշոտյան


Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը պետք է բխի բացառապես երկու երկրների շահերից և հնարավորինս կախված չլինի արտաքին ազդակներից։ Այս մասին Թբիլիսիում անցկացված «Արևելյան գործընկերության հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովում հայտարարել է Հայաստանի  ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։ Նա նկատել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական  ազդեցություն է ունեցել Վրաստանի տնտեսության վրա:

Արևելյան գործընկերության անդամ հանդիսացող հետխորհրդային վեց երկրները տարբեր են պատմությամբ, այսօրվա իրողությամբ, ներքին ու արտաքին մարտահրավերներով։ Ասում է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հետևաբար հրամայական է, որ գործընկերության ձևաչափը լինի թիրախավորված կոնկրետ երկրների շահերի համար։ Թբիլիսյան գագաթաժողովում իր ելույթում այս մասին նա հատուկ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ունեն և ապագայում ևս պետք է ունենան բացառապես երկկողմ ձևաչափ:

«Այս ձևաչափը պետք է ենթադրի նաև, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր, տվյալ պարագայում Վրաստանի և Հայաստանի միջև, չպետք է առաջանան` անկախ նրանից, թե ինչպիսի տնտեսական կամ ռազմաքաղաքական միավորումներում ենք մենք անդամակցում…»:

Ըստ Աշոտյանի՝ տնտեսական վերլուծությունները ցույց են  տալիս, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը դրական  ազդեցություն է ունենում Վրաստանի վրա․ «Վրաստանը լրացուցիչ շահույթ է ստանում, վրացական մի շարք ապրանքներ Հայաստանի շնորհիվ հայտնվում են ԵՏՄ-ի շուկաներում»։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը թեև կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում չէր, նշում է․

«Վրացական որոշ ապրանքներ ԵՏՄ են ներմուծվել Հայաստանի միջոցով։ Երկու երկրներում էլ համոզմունք են հայտնում, որ անվտանգության ու տնտեսական տարբեր համակարգերում գտնվելու հանգամանքը խնդիր չի հարուցում երկուստեք հարաբերություններում։ Դրանք կայուն են»։

Անդրադառնալով երկու երկրների տարբեր քաղաքական ուղղություններին, Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց․«Չեմ կարծում, որ Ռուսատանի հետ բարեկամական հարաբերությունները լավ են անդրադառնում Հայաստանի վրա, սակայն դա Հայաստանի ներքին հարցն է ու նրա որոշումը»։

Ցուցադրել ավելի
Back to top button