Վերլուծական

Ռուսաստանի հետ աշխատանքի ոճը փոխելու ժամանակն է


Մի քանի օր է, ինչ հայտնի է դարձել, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին մատակարարել է ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը: Ադրբեջանական կողմը նույնիսկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ընդունում նոր սպառազինությունը: «Ռադիոլուր»-ը այսօր փորձել է հասկանալ, թե ինչ է մատակարարվել եւ որ դեպքերում կարող է օգտագործվել ռուսական սպառազինությունը:

 

 

Ռուսաստանի դրոշը կրող «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավը 3 օր առաջ եղել է Բաքվի նավահանգիստներից  մեկում: Բեռնաթափվելուց հետո այն վերադարձել է: Այդ նավով մեր հարեւան երկրին մատակարարվել է ռուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը: Քարոզչության նպատակով Ադրբեջանը տարածել է մի տեսանյութ, որի միջոցով է միայն հնարավոր ենթադրել, թե ինչ տեսակի զինտեխնիկա եւ որքան է փոխանցվել ադրբեջանական կողմին: Տեսանյութն ուսումնասիրել են  «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի մասնագետները եւ ահա, թե «Ռադիոլուրին» ինչ է փոխանցում վերլուծաբան Գարիկ Հարությունյանը:

«Նույն հակատանկային միջոցներից Ադրբեջանը գնել է նաեւ նախկինում: Տեսանյութից երեւում է, որ մոտ 10 միավոր հարձակողական տեխնիկա են, հակատանկային միջոցներ են, եւ իրենք էլ ասել են, որ դա տեղափոխվելու է առաջնագիծ»:

 

Վերլուծաբանի կարծիքով՝ ռազմական բալանսը սրանով էապես չի փոխվի:

«Նախկինում Ադրբեջանը շատ ավելի էր զենք գնում»:

 

Հակատանկային հրթիռային «Քրիզանտեմա Ս» տեսակի համալիրներ Ադրբեջանն ունեցել է նաեւ նախկինում: Նման համակարգերի ձեռքբերման՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել 2014 թվականին: Ռուսաստանյան Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ-ին ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր եւ վերսկսվել է հիմա՝ 2017 թ-ի հունիսին։

Այս փաստը որոշակի քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում: Օգտատերերի մի մասը միանգամից այս ամենում տեսնում է պատերազմի վտանգ եւ նախապատրաստում, մյուս մասը մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ահա գրառումներից մի քանիսը.

«Ոչինչ, հայերը դեռ չեն ուզում գիտակցել, որ ռուսը իրենց համար թուրքից ոչնչով լավը չի, իսկ այդ տեխնիկաները շուտով կամ կդառնան հայկական, կամ կոչնչացվեն հայերի կողմից»:

«Դե լավ, էդքան էլ տենց չի, ժամանակակից մարտում ավելի էֆեկտիվա ֆագոտի տիպի հակատանկային միջոցները։  Հիմա էտ յեքա տեխնիկան շատ արագ հայտնաբերվում ու ոչնչացվումա»:

Անկախ նրանից՝ ինչ զենքի խմբաքանակ է եւ ինչքան՝ քաղաքական վերլուծաբանները պնդում են, որ ցանկացած դեպքում Հայաստանն անհանգստանալու առիթ ունի: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը երբեք չի թաքցնում, թե ինչ նպատակներով է օգտագործում եւ օգտագործելու ստացվող զենքերը:

 

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանից հետո լրջորեն պետք է անհանգստանա եւ համապատասխան հետեւություններ անի Իրանը՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական նկրտումները: Ըստ քաղաքագետի՝ ժամանակն է, որ Հայաստանը փոխի Ռուսաստանի հետ խոսելու ոճը:  «Հայաստանը պարտավոր  է ակտիվ դաշնակիցներ որոնել: Դուք վարեք հետեւողական անկախության քաղաքականություն, դաշնակիցներն իրենք կհայտնվեն ձեր կողքին»:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը փորձում է ավելի իրատես լինել այս հարցում:

«Սա շատ ցավալի հարց է, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ այս պահվածքը դաշնակցային հարաբերությունների ոչեւէ լավկողմի մասին չի խոսում»:

Ամեն դեպքում՝ միջազգայնորեն ընդունված իրողություն է, որ հակամարտող կողմերին միջնորդի կարգավիճակ ստանձնած պետությունը զենք չի վաճառում: Այս դեպքում մշտապես բախվում ենք միեւնույն պետության կողմից առաջացրած միեւնույն խնդրին, իսկ հարցերի դեպքում պարզաբանումների ժամանակ ասվում է, թե դա բիզնես է եւ քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Եվ այս պայմաններում միջնորդները պարբերաբար հիշեցնում են՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button