Հասարակություն

Արթիկի շենքի փլուզումից հիմնականում տուժել են մեկ սենյականոցները


Չնայած  այս շաբաթ  փոխվել է  կառավարության նիստի օրը, սակայն հանձնարականներ տալու ավանդույթն այսօր չի խախտվել: Նախ, Կարեն  Կարապետյանը հայտարարել է, որ «restart» կտա ու կաշխատի նույն՝ արտակարգ ռեժիմով: Նրա խոսքով, կառավարությունը կաշխատի շաբաթական նվազագույնը վեց օր: Վարչապետի ուշադրության կենտրոնում  նաև երեկ ուշ երեկոյան Արթիկում տեղի ունեցած քարաթափումն էր: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից էլ «Ռադիոլուր»- ին փոխանցել են, որ խնդիրն ուսումնասիրվել է Շիրակի մարզպետարանի եւ Քաղաքաշինության պետական կոմիտեից հետ եւ վերջնական եզրակացությունը կներկայացնեն առաջիկա օրերին։

 

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը «Ռադիոլուր» -ին արտակարգ իրավիճակի հետ կապված մանրամասներ է փոխանցում. «Բնակիչները տանն են եղել, ձայն են լսել, մտածել են երկրաշարժ է, դուրս են եկել, տեսել են շենքի պատը փլվել է»:

Համայնքի ղեկավարին տեղի ունեցածի մասին պատմել էին վթարված շենքի բնակիչները: 12 բնակարան ու 51 բնակիչ ունեցող  քառահարկ շենքից բնակիչները տարհանվել են: Քաղաքապետը տեղյակ է, թե որտեղ են տարհանված բնակիչներն այս պահին ապաստանել:

Քարաթափման մասին կառավարությունում տեղյակ են, վաղ առավոտյան նաև վարչապետին են զեկուցել:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը վստահեցրեց՝  «Շենքը վթարային շենքերի ցուցակում ընդգրկված չի եղել: Արթիկը ժամանակավոր կացարաններ  չունի, ուստի բնակիչներին չենք կարող տեղավորել»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով՝ սեփական միջոցներով չեն կարող  ամրացնել Արթիկի 8-րդ թաղամասում գտնվող վթարված շենքը: Թե որքան գումար կպահանջվի՝ քաղաքապետը  չգիտի: Փոխարենը լավ գիտի՝ վտանգավոր է շենքում գտնվելը:

Կառավարությունը խնդրի լուծման ու աջակցման մեխանիզմներն է քննարկում:

Back to top button