Հասարակություն

Որոնք են այս տարվա պահանջված մասնագիտությունները

Անգամ պահանջված մասնագիտությունների դեպքում շատ շրջանավարտներ հմտությունների բացակայության պատճառով կամ գործազուրկ են դառնում, կամ աշխատանք են գտնում ոչ իրենց մասնագիտությամբ։  Բայց արդյո՞ք խնդիրը միայն բուհ-աշխատաշուկա կապի մեջ է: Ամեն ինչ սկսվում է մասնագիտական սխալ կողմնորոշումից՝ լրագրողների հետ զրույցում նկատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը: Խնդիր կա նաև բարձրագույն կրթության համակարգում: Հաճախ շրջանավարտները աշխատաշուկա են մտնում թերի գիտելիքներով, ուստի գործատուն ոչ այնքան կարևորում է, թե որ բուհից է շրջանավարտը, որքան նրա մասնագիտական հմտությունները՝ նշում է բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանը:

Բուհական ընդունելության քննաշրջանը շարունակվում է: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հատկացվել է 18000 վճարովի և 1641 անվճար տեղ: Միայն Երևանի պետական համալսարանը 52 մասնագիտությունների գծով հատկացրել է 3000 վճարովի և 368 անվճար տեղ՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Այս տարի 2-ական անվճար տեղ էլ հատկացված է «Իրավագիտության» և «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետներում:

Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Թեև կոնկրետ  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում վերջին տարիներին բնագիտական մասնագիտությունների ուղղությամբ հետաքրքրության տեղաշարժ կա, ինչը  մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը ողջունում է:

Ընդհանուր առմամբ՝ այս բուհը ընդունելություն է կատարում 43 մասնագիտությունների գծով: Թերևս ամենապահանջված մասնագիտություններն այստեղ բանասիրությունը, հոգեբանությունը, տարրական մանկավարժությունն ու մեթոդիկան, լոգոպեդիան, գործիքային կատարողականությունը և պարարվեստն են:

Հնարավոր է, որ պարզապես տվյալ դիմորդները մանկուց են երազել ֆիզիկոս կամ աշխարհագրագետ դառնալ:  Այս դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ տվյալ դիմորդն իսկապես լավ մասնագետ կդառնա բուհն ավարտելուց հետո: Ի վերջո՝ ոչ այնքան կարևոր է դիպլոմը, որքան մասնագիտական հմտությունները՝ նկատում է բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանը: Ավելին՝ այսօր աշխատաշուկան մի շարք մասնագետների կարիք ունի, որոնք ոչ միայն պահանջված չեն դիմորդների կողմից, այլև կրթական հաստատությունները որոշ մասնագիտություններ անգամ չեն դասավանդում:

Համաձայնելով Գրիգոր Առաքելյանի դիտարկմանը՝ ընդունող հանձնաժողովի քարտուղար  Արտաշես Մարտիրոսյանը կարծում է, որ պետք է ուսումնասիրել աշխատաշուկայի նոր պահանջները և ըստ այդմ վերանայել նաև բուհական մասնագիտությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button