Հասարակություն

ԱԻՆ-ը փրկարարներ է պատրաստում մասնավոր ընկերության համար


Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերության արագ արձագանքման խմբի անդամներն այսօր ստացել են Արտակարգ իրավիճակների նախարարության սերտիֆիկատներ: Խմբի 11 անդամները 20-օրյա դասընթացներ են անցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ հմտանալով հանքի տարածքում արտակարգ իրավիճակները կանխարգելելու եւ կառավարելու մեջ: Ընկերությունում վստահ են, որ այս կերպ իրենք զգալիորեն բարձրացնում են հանքավայրի շահագործման անվտանգությունը: Այդ ամենին զուգահեռ՝ ակտիվիստ-բնապահպանները շարունակում են բարձրաձայնել հանքավայրի շահագործման անդառնալի վնասների մասին: Ամուլսարը շահագործող ընկերության ներկայացուցիչն այսօր կրկին անդրադարձել է դրանց:

Հրշեջ-փրկարարական հմտություններ, հրատապ բուժօգնություն, ճանապարհատրանսպորտային վթարների արագ արձագանքման եւ այլ կարողություններ – Լիդիան Արմենիա ընկերույթան 11 աշխատակից ԱԻՆ-ի աջակցությամբ այդ ամենը ձեռք է բերել տեսականորեն եւ ամրապնդել կազմակերպված թեմատիկ ուսումնական վարժանքներով ու գործնական աշխատանքներով: ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի տնօրեն Կարեն Աթոյանի խոսքով՝ Լիդիան Արմենիայի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է ձեռք բերում. այն ողջունելի է ու օրինակելի այլ ընկերությունների համար:

Համապատասխան սերտիֆիկատները խմբի անդամներին հանձնեց ԱԻՆ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը:

Ձեւավորված արագ արձագանքման հատուկ խմբի անդամներն Ամուլսարի շրջակա համայնքներից են: Լեւոն Հովհաննիսյանը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղից է: Արդեն 5 ամիս է աշխատում Լիդիան Արմենիայում որպես անվտանգության բաժնի մոնիթոր: Անցկացված դասընթացները բարձր է գնահատում:

Խմբի ղեկավար Արթուր Հովսեփյանը վստահ է՝ ներդրված ջանքերը բարի պտուղներ են տալու: Խոստանում են՝ արտակարգ իրավիճակներում խումբը լրացուցիչ օժանդակ կառույց կլինի տեղի ԱԻՆ-ի խմբի համար:

Ձեռք բերված կարողություններն ու գիտելիքները մեծապես օգտակար են նաեւ իրենց համայնքների համար՝ վստահեցրեց խմբի անդամներից Գուրգեն Եղիյանը:

Ի դեպ, Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանները շարունակում են իրենց մտահոգությունները բարձրաձայնել:

Անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին՝ Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով ավագ ղեկավար Արմեն Ստեփանյանն այսօր կրկին ասաց, որ Ամուլսարի հետ կապված իրենք մասնագետ-բնապահպանների հետ երկար ժամանակ համատեղ աշխատանք են իրականացրել:

Ակտիվիստ-բնապահպաններն էլ ունեն մտահոգություն հայտնելու իրավունք: Ընկերության պարտավորությունն է այդ մտահոգություններին արձագանքել գիտատեխնիկական թվերով ու հիմնավորումներով, ինչը արել են ու պատրաստ են անել միշտ՝ եզրափակեց Ամուլսարը շահագործող ըներության պատասխանատու-ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը:

Back to top button