Հայաստանում աշխատանք գտնելը մեծ խնդիր՝ ոչ միայն 45 հատած անձանց համար


Հայաստանում դժվար է 40-45- ից հետո աշխատանք գտնել։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ: Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար «Ռադիոլուրի» թղթակից Սոնա Հակոբյանն է շրջել աշխատանքի տոնավաճառում և պարզել, թե որոնք են ամենապահանջված մասնագիտություններն ու տարիքային ինչ սահմանափակումներ կան աշխատանքի ընդունելիս: Հիմնականում սպասարկման, IT, լեզվի մասնագետների պահանջարկ կա:
66- ամյա Արարատը Սևան-Հրազդան հիդրոէլեկտրոկայանների կասկադում աշխատել է՝ հերթափոխի պետից հասնելով կայանի պետի տեղակալի պաշտոնին։ 2011 թվականին բնակավայրը փոխելու պատճառով սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շուրջ կես դար աշխատելով էներգետիկայի ոլորտում՝ Արարատն այսօր չի կարող իր տարիների փորձն ու հմտությունները կիրառել աշխատաշուկայում: Իհարկե վերջին 3 տարիներին աշխատել է մասնավոր ընկերությունում, սակայն քանի որ հիմնարկը հիմնականում աշխատում էր տենդերների վրա, վերջին շրջանում ծավալները պակասեցին, և գործազուրկների շարքը համալրեց նաև փորձառու էներգետիկը:
Արդեն 6-7 ամիս է չի աշխատում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Արարատը։ Նրան հանդիպեցի աշխատանքի տոնավաճառում: Եկել էր գործատուների հետ ծանոթանալու և մասնագիտությամբ մի աշխատանք գտնելու նպատակով, սակայն ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն: Փոխարենը հիասթափությունն է շատ մեծ:
Որքան էլ մեր երկրի աշխատաշուկան բազմազան է, Հայաստանում Արարատի նման շատերն են առերեսվում գործազրկության փաստին: Մյուս զրուցակիցս, ով ևս աշխատանք էր փնտրում, 50 տարեկան է: Նրան հանդիպեցի գործատուի հետ զրույցի ժամանակ
50- ամյա տղամարդն ինձ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն էլ աշխատանքի չեն ընդունում՝ ելնելով տարիքային սահմանափակումից:
Մինչ զրուցակիցներս դժգոհում են, որ գործատուները հետաքրքրված չեն միջին տարիքի աշխատողներով՝ տոնավաճառում հանդիպեցի նաև երիտասարդ աշխատանք փնտրողների: Տեսնենք, թե նրանք ինչ հաջողությունների են հասնում աշխատաշուկայում:
Փաստորեն՝ Հայաստանում աշխատանք գտնելը մեծ խնդիր է ոչ միայն 45 հատած անձանց, այլև մինչև 25 տարեկան երիտասարդների համար:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ: Թե 50 տարեկանից բարձր բնակչության քանի տոկոսն աշխատանք չունի, սոցիոլոգը դժվարանում է պատասխանել: Պաշտոնապես գործազուրկ են համարվում բոլոր նրանք, ովքեր գրանցված են զբաղվածության պետական գործակալությունում: