Հասարակություն

Ո՞վ է իրականում Ադրբեջանի «բռնած» «դիվերսանտը»

Ադրբեջանում գերեվարված  Զավեն Հովհաննեսի Կարապետյանին այցելելու և տեղեկություններ ճշտելու գործին արդեն ձեռնամուխ է եղել ԿԽՄԿ: Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ այս պահին աշխատանք է տարվում հնարավորինս արագ նրան այցելելու համար. «Մարդասիրական նորմերին համապատասխան՝ քայլեր են արվում, երկխոսության մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք այցելել նրան: Ժամկետներ չենք կարող նշել»:

Ո՞վ է Զավեն Հովհաննեսի Կարապետյանը, ում գերեվարման մասին տեղեկություն հաղորդելով՝ ադրբեջանական կողմը նշում էր, թե իբր հայկական կողմը փորձել է  անցնել Ադրբեջանի պաշտպանական գիծը, ինչի հետևանքով իբր հայկական կողմից զինծառայող է գերի ընկել: Այս տեղեկությունն ամբողջությամբ սուտ է՝ պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Այդ դեպքում ո՞վ է 1974 թվականին ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյանը: «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ իրենք արդեն որոշակի տեղեկություն ունեն այդ անձի մասին։ Նա Վանաձորի բնակիչ է .

« Եթե այսօր չէ , ապա վաղը մեր կազմակերպությունը լինելու է Վանաձորում, իր պապիկ-տատիկի մոտ, տեղեկություններ ճշտելու: Հայտնի է, որ նա դիմել էր Վանաձորի քաղաքապետարան իրեն ծերանոց տեղափոխելու խնդրանքով՝ չնայած իր երիտասարդ տարիքին: Պարզապես նրա վիճակը վիճակ չէր…»:

«Ռադիոլուրն» անշուշտ հետամուտ է գործին և որևէ ճշտում ունենալու դեպքում տեղեկացնենք: Կա տեղեկություն, որ նա առողջական խնդիրներ ուներ:

Մինչ տեղեկությունների ճշգրտումը՝  ԼՂՀ առաջին օմբուդսմենը բացատրում է, որ Ժնևյան կոնվենցիայով արգելվում է. «Պատանդին չի թույլատրվում ԶԼՄ-ներով ցուցադրել»:

Հիշելով նախկինում գրանցված դաժան պրակտիկան, երբ սահմանը պատահական անցած անձը դաժան վերաբերմունքի ու անգամ ողբերգական ճակատագրի է արժանանում՝ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց հարցում անհապաղ ներգրավել միջազգային կազմակերպություններին: Հնարավորինս նրան պետք է զերծ պահել ադրբեջանական դաժան վերաբերմունքից:

Մինչ միջազգային կառույցները գործի կանցնեն՝ Ադրբեջանում փակվում ու ջնջվում են բոլոր այն գրառումները, որտեղ կատարվածի մասին ճիշտ տեղեկություն էր տարածվել: «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը հետևել է զարգացումներին ու հասկացել, որ որոշ բլոգերներ պարզել են, թե ինչ է իրականում կատարվել:

Նաև իրավիճակը սթափ գնահատողների է նկատել փորձագետը ադրբեջանցիների գրառումների մեջ, եղել են կարծիքներ, որ գուցե մարդը խմած է եղել ու մոլորվել: Բնականաբար՝ նման գրառումները քիչ անց ջնջվել էին ու նաև, մեղմ ասած, սաստող պատասխանների արժանացել:

Ինչևէ, դեպքի առիթով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, կատարած ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։  Նա ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։

Գերեվարված անձը եղել է Գավառի մանկատանը, որտեղից դուրս է գրվել ու տեղափոխվել Սովետաշենի օժանդակ դպրոց։

Հաշվառման վայր չունենալու պատճառով՝ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում:

Նա ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել ՝ մտավոր հետամնացություն:

Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։

Ըստ ստացված  տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button