Միջազգային

Բունդեսթագը հաստատեց Թուրքիայից զորքերի դուրսբերումը

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրքական Ինջիրլիք ավիաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերմանը, հաղորդում է Deutsche Welle-ն։ «Մեծ կոալիցիայի» կուսակցությունների կողմից ներկայացված առաջարկին աջակցություն է հայտնել 569 խորհրդարանականներից 461-ը։

Թուրքական բազայից հեռանալու պատճառ են դարձել գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք այցի արգելքները։ Տեղեկություններ կան, որ դա արվել է՝ ի պատասխան Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունման, որում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվել են հայ ժողովրդի ցեղասպանություն։ Եվս մեկ առիթ է հանդիսացել Բեռլինի կողմից թուրք զինվորականներին ապաստան տրամադրելը, ովքեր փախչել են երկրից հեղաշրջման փորձից հետո։

Ինջիրլիք ավիաբազայում 2016 թվականի սկզբից տեղակայված են մոտ 270 գերմանացի զինծառայողներ, 6 «Տորնադո» հետախուզական ինքնաթիռներ, Airbus A310 MRTT մեկ լիցքավորիչ օդանավ։

Դրանք աջակցել են Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների բազաների ավիահարվածներին՝ իրականացնելով ավիահետախուզություն և ինքնաթիռների լիցքավորում։ Այժմ զորակազմն ու տեխնիկան կտեղակայվեն Հորդանանում։
Ցուցադրել ավելի
Back to top button