Հասարակություն

Բագրևանում նախատեսված է «Ինժեներական քաղաք» կառուցել


ՏՏ-ն Հայաստանում գերակա ճյուղ է հռչակված: Հարկային արտոնություններ՝ սկսնակներին, աջակցություն և արդյունքն ակնհայտ է: Ավելին, ՏՏ ոլորտը կլանում է նաև ապագա ճարտարագետ -ինժեներներին:  Նրանք ուսանողական տարիներին  աշխատում են ՏՏ ոլորտում ՝ լուծելով իրենց սոցիալական խնդիրները: Հայաստանին ճարտարագետ -ինժեներներ պետք են։ Պատասխանատուներն այժմ մասնավորի հետ համատեղ  լուծումներ են փնտրում՝  այս ոլորտը նույնպես զարգացնելու համար: «Լուծման 100 տոկոսանոց բանաձև չկա»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ  Բորիս Դեմիրխանյանը, միաժամանակ  կարևորում է  միջազգային ու տեղական փորձը, արտոնությունների տրամադրումը: «Ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն պետք է առաջացնել նաև PR-ի միջոցով»,- համոզված է  Դեմիրխանյանը: Փոխնախարարի խոսքով,  լրագրողների շրջանում էլ մաթեմատիկական հակվածություն ունեցողները շատ կլինեն, սակայն նրանք  ընտրել  են լրագրությունը:  Մինչ լուծումներ կգտնվեն, առաջիկա շաբաթ օրը  Վանաձորում «Ինժեներական մասնագիտացված»  համաժողով- ցուցահանդես կանցկացվի:

ՏՏ ոլորտի հաջողություններից ոգևորված՝ մեր երկրում փորձ է  արվում զարգացնել նաև  ճարտարագիտությունը:Առայժմ, սակայն, դժվարություններն ակնհայտ են: Որքան էլ  ջանքեր են գործադրվում, միևնույնն է, ՏՏ ոլորտն, այսպես ասենք,  կլանում է ապագա ճարտարագետ-ինժեներներին:

Առանց բազային կրթության հնարավոր չէ բացը լրացնել՝ ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ու  խոստովանում՝ ի տարբերություն ՏՏ-ի, այս դեպքում մի քանի ամսում հնարավոր չէ մասնագետ պատրաստել:

ՏՏ-ն ճարտարագետ -ինժեներներին կլանում է՝ քանի որ այստեղ վարձատրությունն է  բարձր՝ աշխատանքի ընդունվելիս ուսանողը ստանում է արդեն  մոտ 200 հազար դրամ աշխատավարձ: Պետք է քննարկել, թե բուհերում ինչպիսի հնարավորություններ ենք ստեղծում՝ ասում է Բագրատ Ենգիբարյանը:

«15 տարի առաջ 2 հազար աշխատատեղի պահանջարկը երազանք էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների  համար»,- ասում է  Ենգիբարյանն ու նույն մոտեցումը կարևորում նաև ճարտարագիտության համար:  Բարձրացված հարցերի շուրջ ոչ մի նախարարություն 100 տոկոսանոց բանաձև  չունի՝ խոստովանում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ  Բորիս Դեմիրխանյանն ու կարևորում  միջազգային ու տեղական փորձը:

Մինչ լուծումները կգտնվեն՝ հունիսի 24-ին Հայաստանում, Վանաձորում, առաջին անգամ  «Ինժեներական մասնագիտացված»  համաժողով- ցուցահանդես կանցկացվի: Վայրն ու տեղը պատահական չի ընտրվել: Արդեն ինն ամիս Վանաձորում գործում է  Տեխնոլոգիական կենտրոնը, որն ունի կոնկրետ ինժեներական ուղղվածություն ունի: «Նեյշնլ Ինստթրումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանը բարձր է գնահատում հայ ճարտարագիտական ներուժը:

«Հայաստանը զարմացնող ճարտարագիտության երկիր է  դառնում:  Այսօր Հայաստանի ինժեներները կարողանում են հետաքրքիր, զարմացնող լուծումներ առաջարկել՝ ամենաբարդ խնդիրներին, որոնք աշխարհում այսօր ունեն մարտահրավերներ»:

Հավելենք նաև, որ  Երևանի մերձակայքում ՝ Բագրևանում,  նախատեսված է «Ինժեներական քաղաք»  կառուցել: Այն 3 հա տարածք կզբաղեցնի:  Հիմնական ներդրողները մոտ 16 մասնավոր կազմակերպություններն են լինելու: Հայաստանի կառավարությունը  ՀԲ  աջակցությամբ  ընդհանուր ենթակառուցվածքները կպատրաստի: Լաբորատորիաները պետություն-մասնավոր հատված սկզբունքով  կաշխատեն:  Ընդհանուր առմամբ, մոտ 20 մլն դոլարի կպահանջվի:

Ի դեպ, հայկական ինժեներական լուծումների մոտ 60 տոկոսը արտահանվում է: Բագրատ Ենգիբարյանի խոսքով, խոսքը ոչ թե պարզ լուծումների, այլ  բարդ ուղղությունների մասին է: Աշխատում են  դրսի շուկայի համար:

Back to top button