Մշակույթ

Արցախյան «Մշակութային կանգառ»-ը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում  վերջին ամիսներին Արցախի տարբեր բնակավայրերում հանդես են եկել Հայաստանի հանրապետության ճանաչված համույթներից, մշակութային օջախներից շատերը: Հաճելի հանդիպումներով հատկապես առատ է  հունիսը՝ Արցախում էին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Պարի պետական համույթը:

Պարի պետական համույթի արցախյան հյուրախաղերն առանձնացան նրանով, որ  ընտրված  մշակութային կանգառներից մեկը Քարվաճառում էր:

Ստեփանակերտից մոտ 150կմ –ի վրա գտնվող քաղաքը կենտրոնից ժամանած համույթների ու արվեստագետների հետ առնչվելու հնարավորություն միշտ չի ունենում, իսկ նման մակարդակի համույթին հյուրըկալելն իրական հրաշքի էր նման:

Քաղաքային մշակութային տան բեմը նեղ էր մեծ բեմերի սովոր համույթի համար, բայց դա պարողներին չխանգարեց. ընդհակառակը` նազող պարուհիները դահլիճ իջան՝ ջնջելով սահմանները՝ եւ փորձության ենթարկելով պարել սիրող շահումյանցիներին: Նրանք համույթին դիմավորեցին հոտնկայս, ծափերով, հազիվ զսպելով պարողներին միանալու գայթակղությունը: Հուզմունքը, հարգանքն ու վայելքը փոխադարձ էին. համերգի ավարտին խոստովանեցին պարի պետականի անդամներն  ու հանդիսատեսը:

Պարի պետական անսամբլի  ելույթներն Արցախում՝ Շուշիում եւ Քարվաճառում տեղի ունեցան ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում:

Հունիսի 23-ին հաճելի անակնկալ է սպասում օպերայի արցախցի սիրահարներին՝ Շուշիի մշակույթի եւ երիտասարդության նորոգ դահլիճում հյուրընկալվելու է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. ներկայացնելու է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Ցուցադրել ավելի
Back to top button