Տնտեսական

Ռիչարդ Միլսը կարևորել է մրցակցային դաշտի բարելավումը


Հայաստանի մրցակցային խնդիրները քննարկման առանցքում: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի հետ համատեղ այսօր քննարկում էր կազմակերպել: Նպատակը՝  մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները լսելն ու լուծման ուղիների քննարկումն է: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպես կարևորել մրցակցային դաշտի բարելավումը, այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնց կաջակցեն օտարերկրյա ներդրողներին: «Ազատ ու մրցակցային շուկան տնտեսական հաջողություն կգրանցի, օտարերկրյա ներդրողներ կգրավի»,- ասել է  Ռիչարդ Միլսը: Նա նաև նախկինում արված իր հայտարարություններից մեկին է անդրադարձել:

«Հայաստանի էներգետիկ ոլորտում  ամերիկյան ընկերությունները պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրումներ կատարել».  Երևանում արված իր այս հայտարարությունն այսօր Երեւանում պարզաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նշեց՝ ներդրումների  հնարավոր ներուժի  մասին է խոսքը, իսկ  գումարի չափը  հաշվարկվել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության կողմից:

«Մեր գնահատումները նույնպես հաստատում են, որ  կա այդպիսի ներուժ: Ներդրումներ հնարավոր կլինի կատարել, եթե   Հայաստանի էներգետիկ շուկան ամբողջությամբ ազատականացվի: 8 մլրդ դոլար ներդրումները  հնարավոր  կլինի  ապահովել  նաև  այն դեպքում, եթե  Հայաստանից  դեպի Իրան ու Վրաստան հոսանք արտահանվի: Կարևոր է  նաև դեպի Թուրքիա  էլեկտրաէներգիայի արտահանման  հարցի  կարգավորումը: Սա նույնպես իրական հնարավորություն կստեղծի»:

Դեսպան Միլսը կարևորում է հատկապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը  Հայաստանում, նշում, որ քամուց և արևից էներգիա ստանալու համար այստեղ կան մեծ հնարավորություններ: Ներդրումներ ներգրավելու, տնտեսությունն աշխուժացնելու նախապայմաններից մեկն էլ ազատ մրցակցային  միջավայրի ձևավորումն է՝ շեշտում է դեսպան Միլսը։ Թվարկում է  այն խոչընդոտները, որոնց հանդիպում են մեր երկրում  ամերիկյան կապիտալով աշխատող ընկերությունները.

« Խնդիրները շատ են. մեր ընկերությունները մտավոր սեփականության հետ կապված հարցեր են ունենում: Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր են առաջանում, ինչպես նաև արդարացի մրցակցության հետ կապված խնդիրներ կան: Մաքսային ընթացակարգերի հետ կապված հարցեր նույնպես առաջանում են»:

Դեսպանը խոսում է Հայաստանի փոքր շուկա ունենալու  մասին, կարևորում ամերիկյան ընկերությունենրի՝ ՌԴ և Վրաստան դուրս գալու հնարավորությունները: Ռիչարդ Միլսը միաժամանակ նկատում  և  դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերը: Հատկապես օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները վերջին շրջանում ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրների առջև են կանգնում: Մտավոր սեփականության խախտման  դեպքերը բազմաթիվ են՝ ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հիշելով ՏՏ համաշխարհային հսկային՝ «Մայրքրոսոֆթին»։ Հակամենաշնորհային  մարմինը  նմանատիպ   բողոքներ հաճախ է ստանում,  տարբեր ընկերություններից, այդ թվում՝ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից:

Շաբոյանը վստահեցնում է՝ անկախ տեղական կամ օտարերկրյա կապիտալից՝ իրենք ազատ մրցակցությունն են պաշտպանում: Գնումների համակարգում նույնպես խնդիրները շատ  են: Շաբոյանի տեղեկացմամբ,  սոցիալական ապահովության, առողջապահության ոլորտներում վերջերս իրականացված ուսումնասիրությունների արդյունքում դեպքեր են բացահայտել, երբ պատվիրատուները ապրանքների անուններ են նշում կամ տեխնիկական բնութագրերը այնպես են կազմում, որ արդյունքում ուղղորդու ներ են կատարում: Հակամենաշնորհային մարմնի ղեկավարը խոստացավ՝ պետական գնումների ոլորտում նման խնդիրները բացառելու հարցում  հետևողական են  լինելու:

Back to top button