Միջազգային կրթական նոր ծրագիր բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար


Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա:
Ծրագիրն իրականացվելու է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից:
Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո:
Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել.
- Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
- Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
- Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
- Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
- Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։