ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ Սվիտալսկու հայտարարության ֆոնին


Քաղաքական դաշտում շարունակում են քննարկել Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարությունները: Դեսպանի գնահատականներից մի քանիսը միանշանակ չեն ընկալվել և արժանացել են իշխանության ներկայացուցնիչների կոշտ արձագանքին՝ որակվելով որպես միջամտություն մեր երկրի ներքին հարցերին: Դրան էլ հաջորդել է ԵՄ դեսպանի պատասխան արձագանքը՝ մեր ներկայությունը որևէ մեկին չենք պարտադրում: Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ներկայացուցչի հայտարարությունների կոշտացումը, որո՞նք են ուղերձներն ու արդյոք կազդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Հարցերի պատասախանները «Ռադիոլուր»-ը փորձել է ստանալ խորհրդարանական ուժերից:
Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և միջամտել մեր ներքին խնդիրներին՝ ասում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու երեկ հնչեցրած գնահատականներին: Դեսպանը հիշեցրել էր Եվրամիության ֆինանսական մեծ աջակցությունը մասնավորապես ընտրական գործընթացին, նկատել, որ այդ աջակցությունը հիմքում եղել է իշխանությունների բաց խնդրանքը, նաև հավելել՝ եթե մեր ներկայությունը ցանկալի չէ, մենք այն որ մեկին չենք պարտադրում:
«Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի: Կարող են դիտարկումներ հայտնել, մեքն քննարկենք ու գնանք առաջ»:
Միաժամանակ, Վահրամ Բաղդասարյանը վստահ է ` Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Փոխարնեը Հանրապետական խմբակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համաձայն չէ Վահրամ Բաղդասարյանի հետ այն հարցում , թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դիտողություններ է անում: Կոստանյանը կարծում է, որ դեսպանը կարծիք է հայտնում, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է:
«ԵՄ հետ բազմաթիվ քննարկումներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա, պետք չէ»:
Ճիշտ նույն կերպ է մտածում Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն իրավիճակում, երբ ԵՄ դեսպանը դիտարկումներ է անում և կարծիքներ հայտնում:
«Միակ խնդիրը, որ տեսնում եմ Սվիտալսկու ասածների մեջ, վերաբերում է ԿԸՀ-ին: Երևի իր ցանկության մասին է խոսել, մյուս հարցերում կարող է կարծիք տեսակետ հայտնել: Հայատսրարարությունների կոշտացում չեմ նկատում, կարծում է հպանցիկ պահ էր, որ փոխադարձ անհասկացողություն եղավ: Ընդհակառակը ՝ նկատում եմ հարաբերությունները խորացնելու ցանկություն, ինչի ապացույցը տարեվերջին ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախատեսվող ստորագրումն է»:
Սվիտալսկին նաև նշել էր, որ նամակաով դիմել է կառավարությունը խնդրանքով՝ թարգմանել և հրապարակել այն բոլոր ֆինանսական համաձայնագրերը, որոնք կնքվել են Հյաստանի և Եվրամիության միջև: Նրա կարծիքով՝ այդ կերպ Հայաստանի հանրությունն ավելի ամբողջական պատկերացում կունենա Եվրամիության կողմից տրամադրվող աջակցության մասին:
«Այդ գումարները չէ, որ պետք է հարաբերությունների վրա ազդեն: Դրանք փոխադարձ պայմանավորվածություններով հաստատված ծրագրեր են՝ ուղղված այս կամ այն խնդրի լուծմանը: Սա ծրագիր է, որ ԵՄ-ն իրականացնում է նաև այլ երկրների հետ, բայց շեշտել միայն գումարների մասը, ես համաձայն չեմ»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում իշխանության, իր կարծիքով, ոչ համարժեք արձագանքի պատճառները: Կարծում է, որ այն հարցերը, որոնց մասին խոսում է Եվրամիության դեսպանը, նորություն չեն որևէ մեկի համար:
«Այն , ինչ ասել է դեսպանը, դրա մասին մշտապես խոսել են թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե հենց իրենք ՝ իշխանությունները: Այո, ընտրական համակարգը, անկատար է, այո ուսուցիչները ներգրավված են ընտրական պրոցեսների մեջ, այո, որոշ գործատուներ նվաստացնում են իրենց աշխատողներին ՝ ստիպելով ցուցակներ տրամադրել կամ քվերակել այս կամ այն թեկնածուի օգտին: Այնպես որ, չեմ հասկանում, թե որն է այս բուռն արձագանքի պատճառը, հատկապես, որ այս դեսպանը այդ մասին միշտ է խոսել»:
Նաիրա Զոհրաբյանը իշխանություններին հորդորում է հանգիստ թողնել ԵՄ դեսպանին և զբաղվել այն խնդիրներով, որոնք կանգնած են երկրի առջև ու որոնց լուծման անհարաժեշտության մասին խոսում է ոչ միայն Սվիտալսկին, այլ նաև ընդդիմությունն ու հենց իշխանությունը: