Որևէ քաղաքական խոչընդոտ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին չկա. Սվիտալսկի


Եվրամիություն — Հայաստան համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝ այսօր Մամուլի ազգային ակումբում հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա համաձայնագիրը քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է որակել ու նկատել, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ Եվրամիության հետ հաջողությամբ բանակցություններ է վարել նոր տիպի փաստաթղթի մշակման շուրջ: Դեսպանը խոսել է նաև Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մասին ու մի քանի ուշագրավ դիտարկում արել: Նախ նկատել է, որ կան հարցեր, որոնց մասին ԵՄ-ն խոսելու ոչ միայն իրավունք, այլ նաև պատասխանատվություն ունի, ապա հավելել՝ եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունում է կարևոր հարցերի շուրջ հանրային քննարկումները, բայց դրանց մասնակից դառնալ չի ցանկանում: Դա իմ առաքելությունը չէ՝ ասում է դեսպան Սվիտալսկին և նախապես զգուշացնում՝ Հայաստանի իշխանություններին հանրային հայտարարությունների միջոցով պատասխան ուղերձներ չի հղի:
«Մենք հանրային հայտարարությունների միջոցով իշխանությունների հետ հաղորդակցվելու խնդիր չունենք: Այդ հայտարարություններն անհրաժեշտ են Հայաստանի հանրությանը տեղեկացնելու, թե ինչ ենք մենք անում կամ մտածում որպես Եվրամիություն այս կամ այն հարցի շուրջ»:
ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին հայտարարությունը հնչել էր նախորդ շաբաթ, որում նա անդրադարձել էր ընտրություններին և տեսակետ հայտնել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է դարձնել ավելի արժանահավատ ու վստահություն վայելող կառույց՝ մասնավորապես դրա կազմը փոխելով: Հայտարարությունը իշխանության տարբեր ներկայացուցիչների տարբեր գնահատականներին էր արժանացել: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, օրինակ, արձագանքելով ասել էր, որ ԿԸՀ կազմը որոշելը երկրի ներքին ՝ խորհրդարանի իրավասության հարց է:
Իշխանությունների դիտարկումներին Սվիտալսկին թեև խոստացել էր չարձագանքել, բայց որոշ ուշագրավ պատասխան դիտարկումներ արեց: Կան հարցեր, որոնց վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք, այլ նաև պատասխանատվություն ու պարտավորություն ունի խոսելու՝ նկատեց դեսպանը ու հիշեցրեց՝ Եվրամիությունը վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել: Բայց ֆինանսական կողմը մեր աջակցության ամենակարևոր բաղադրիչը չէ՝ ասում է ԵՄ դեսպանը:
«Մեր նպատակը Հայաստանում ընտրություններն ավելի լավը դարձնելն էր: Եվ մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք պարտադրել մեր կամքը և կարծում ենք, որ այն, ինչ արել ենք, դրական էր ու մեր աջակցության շնորհիվ էր, որ ընտրական գործընթացում բարելավումներ եղան: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Ոչ մի բան՝ ձեր կամքին հակառակ»:
Հակակոռուպցիոն պայքարը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը հարցեր են, որոնց ԵՄ ուշադրության կենտրոնում են և որոնց վերաբերյալ Հայաստանն ու ԵՄ-ն բազմաթիվ ֆինանսական համաձայնագրեր են կնքել: Դրանցով կողմերը հստակ պարտավորություններ են ստանձնել՝ ասում է դեսպանը ու կոնկրետ օրինակ բերում: Շուտով Հայաստան կժամանի մոնիտորինգային նոր առաքելություն, որը կփորձի պարզել, թե Հայաստանն ինչպես է կատարել ստանձնած պարտավորությունները արդարադատության և հանրային կառավարման ոլորտներում:
«Ես ենթադրում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ, անտեղյակությունից կամ չարակամությունից դրդված նորից կասեն՝ ԵՄ-ն խոսում է մեր ներքին հարցերի մասին: Լավ էլի, դուք էիք այդպես ուզում: Դա պարտավորություն ու պատասխանատվություն է, որը մենք զգում ենք»:
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ՝ նկատում է Սվիտալսկին, բայց նաև համոզված պնդում. որևէ քաղաքական խոչընդոտ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման ճանապարհին չկա: Փաստաթուղթն արդեն պատրաստ է, իրավական- տեխնիկական շտկումների փուլում, ամենայն հավանականությամբ կստորագրվի աշնանը: