Քաղաքական

«Զարգացման քաղաքականության ծրագիր»-ը՝ խորհրդարանում


Վաղվանից խորհրդարանում արտահերթ նիստով մեկնարկում են կառավարության նոր ծրագրի քննարկումները, որի հիմքում մայիսի 18-ին ԱԺ-ում հանրապետության նախագահի ելույթն ու հանրապետական եւ դաշնակցություն կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Պատրաստի ծրագիրը հրապարակվեց երեկ եւ այսօր արդեն տնտեսագետներից ոմանք հասցրել են առաջին որակումները տալ պետության կարեւորագույն փաստաթղթին:

 

 

Վարչապետն իր կաբինետով վաղը գնալու են խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու համար: Ըստ էության՝ Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է նույն նպատակով գնում ԱԺ: Կառավարության նոր՝ հնգամյա ծրագիրն արդեն  ստացավ իր առաջին որակումը: «Զարգացման քաղաքականության ծրագիր». այսպես է անվանում փաստաթուղթը տնտեսական գիտությունների թեկնածու, պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ատոմ Մարգարյանը: Առաջին տպավորությամբ նա լավատես է:

Ինչ ոլորտներ եւ ուղղություններ են հայտնվել կառավարության նոր ծրագրի առանցքում արդեն հայտնի է: Դրա մասին հայտարարել է անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը:

123 էջ՝ գրեթե 4 անգամ ավելի նախորդ ծրագրից: Այս անգամ կառավարությունը պատրաստվել է հիմնովին: Թերեւս պատճառն այն է, որ այս ծրագիրն իրավամբ Կարեն Կարապետյանի հեղինակայինն է, մինչդեռ նախորդը՝ 33 էջանոցը, անցումային էր, «ֆրագմենտալ», պարզապես կիսատ մնացածը վերջին հասցնելու համար: Առանձնացրել ենք մի քանի հիմնարար դրույթ, թե ինչ է նախատեսում անել այս կառավարությունը մինչեւ 2022 թվականը: Գլխավոր տեղում է անվտանգությունն ու ազգ-բանակ կոնցեպտը, ուշադրության կենտրոնում է նաեւ  կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, որը պետք է իրագործվի  հանրապետության նախագահի ԱԺ-ում ունեցած ելույթի բանաձեւով` «ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ՝ հանած կոռուպցիա»: Փաստաթղթի թվային արտացոլումը հետեւյալն է. նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ՝ 5 տարուց այն կհասնի մոտ 70 հազար դրամի, աղքատության նվազում 12 տոկոսով, տարեկան միջինը 5 տոկոսի աճ: Հենց այս վերջին թիվն է տնտեսագետների տարաձայնության պատճառ: Կա տնտեսական աճի որոշակի սահման, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել իրական զարգացման եւ շոշափելի արդյունքների մասին: Այդ շեմը մշտապես վկայակոչում են ընդդիմադիրները եւ տնտեսագետների մի խումբը, որի մեջ է նաեւ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը: Հստակ հիմնավորումներով նրան հակադրվում է Ատոմ Մարգարյանը:

Տպավորություն չստեղծվի, թե Ատոմ Մարգարյանը տեսել է ծրագրի միայն դրական կողմերը եւ գովերգում է փաստաթուղթը: Նա առանձնացրել է նաեւ վտանգները:

Ներկայացնենք նաեւ ուշագրավ համեմատություն: Կարեն Կարապետյանին նախորդող վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին ներկայացրել էր մոտ 84 էջանոց փաստաթուղթ, խոստացել էր քիչ խոսել եւ շատ աշխատել: Նրան էլ նախորդող Տիգրան Սարգսյանի ծրագրերը ծավալով շատ ավելի փոքր էին՝ առավելագույնը 60-62 էջ:

Վերջին տարիներին տնտեսական աճի թվային արտացոլումը հետեւյալն է.  վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին տնտեսական աճը 3 տոկոսի սահմաններում էր՝ պետբյուջեում նախատեսվածից ավելի քիչ: 2015-ը,  ի դեպ, երրորդ անընդմեջ տարին էր, երբ Հայաստանին չհաջողվեց հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին: Վերջին տարին, երբ Հայաստանում գրանցվել է տնտեսագետների վկայակոչած անհրաժեշտ բարձր տնտեսական աճը՝ 2012 էր, երբ արձանագրվեց 7.2 տոկոս։

Back to top button