Գարեգին Բ-ի օրհնությամբ բացվել է Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը


Հունիսի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հառիճի վանքում տեղի է ունեցել գործող Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ընծայարանը վերանորոգվել և գործում է տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ:
Արարողությանը ներկա են եղել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այս առիթով Հայաստան ժամանած բարերարների զավակներ Լորի Մնչերյանը, Փոլ ու Հարրի Թրբանճյանները և Թրբանճյան ընտանիքի այլ անդամներ:
Այցը Հառիճի ընծայարան սկսվել է հուշատախտակի բացմամբ, որից հետո պատմական վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ մատուցվել է գոհաբանական աղոթք: Տաճարում ներկաներին ողջունել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը` ուրախությունն արտահայտելով, որ կյանքի է կոչվել Հայոց Հայրապետի երբեմնի տեսիլքը և բարերաների նախանձախնդիր աշխատանքի ու նվիրատվության շնորհիվ եկեղեցին և հարակից շինություններն այլևս վերակենդանացել և ապրում են:
Այնուհետև վանքի շրջափակում հյուրերին ազգագրական երգերի ու պարերի կատարումներով դիմավորել են Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող Երևանի Նոր Նորքի, Արաբկիրի և Գյումրու հայորդյաց տների սաները:
Արարողության ավարտին ամենքին ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազանը նշել է, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման գործոններից ամենակարևորը կրթված և դաստիարակված սերունդ ունենալն է, ինչին և նպատակաուղղված է եղել Թրբանճյան ընծայարանի հիմնադրումը Հայոց Հովվապետի կողմից 2012 թվականին: Գևորգ Սրբազանն ընդգծել է, որ ընծայարանն արդեն իր արժանի տեղն է գրավել Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների շարքում` անցնող տարիների ընթացքում տալով հիսունից ավելի շրջանավարտներ, որոնք համալրել են ինչպես հոգևոր, այնպես և աշխարհիկ կրթօջախները: Երախտագիտություն հայտնելով բարերարների ընտանիքին` վերատեսուչ Սրբազանը շեշտել է, որ նրանք իրենց գործով բարի օրինակ են ծառայում հետագա սերունդներին: Նա վստահեցրել է նաև, որ նորոգված մասնաշենքը լավագույնս կծառայի ընծայարանի կարիքներին:
Այս առիթով իր ուրախությունն է արտահայտել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` նշելով, որ շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերի և Թրբանճյան ամոլի առատաձեռնության, այսօր ամենքն ականատեսն են Հայ Եկեղեցու կյանքում կարևոր և պատմական իրադարձության: Վկայելով Թրբանճյան ընտանիքի նվիրյալ կյանքի, հավատավոր ու մարդասեր ոգու, ինչպես նաև Ս. Էջմիածնի նկատմամբ նրանց սիրո մասին` Հովնան արքեպիսկոպոսը նշել է, որ ազգի կյանքն առավել հարատև է դառնում, երբ ուշադրություն է դարձվում ազգի դաստիարակությանն ու կրթությանը: Սրբազանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ազգօգուտ այս իրագործման` ընծայարանի հաստատման առիթով և մաղթել, որ Նորին Սրբությունն երկար ու քաջառողջ հովվապետությամբ կյանքի կոչի իր բոլոր երազներն ու սպասումները` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ազգի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարերարների ընտանիքին ողջունել է նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը` կարևորելով կրթական հաստատության դերն ու նշանակությունը մարզի և ողջ Հայաստանի համար: Մարզպետը վստահություն հայտնել է, որ ընծայարանը կշարունակի պատրաստել գիտակ և հայրենասեր երիտասարդներ, որոնք իրենց արժանի ներդրումը կունենան թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ ասպարեզներում, կսերմանեն ու կօգնեն պահպանել ազգային արժեքները, հավատքը և հայոց ինքնությունը:
Բացման արարողությունն ամփոփվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը փառք վերառաքել է առ Երկնավոր Տերը, որ Իր շնորհները հեղել է հինավուրց վանական համալիրի վրա, և խորհրդային անաստվածության տարիներից հետո հնամենի տաճարում հավատավոր հայորդիները վերստին կարողանում են իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված: