Տնտեսական

Ֆինանսական հաշտարարին ուղղված դիմում-բողոքներն աճել են

Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը Հայաստանում գործում է արդեն ութ տարի: Նախորդ 8 տարիների ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակը այս կամ այն կառույցի  դեմ  ուղղված հազարավոր բողոքներ է ստացել: Դրանք հիմնականում ուղղվել են ապահովագրական ընկերությունների, բանկերի ու վարկային կազմակերպությունների դեմ: Այս տարվա ընթացքում՝ այս պահի դրությամբ, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 2226 բողոք: Նախորդ տարվա համեմատ Ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացված բողոքներն աճել են 10 տոկոսով: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  տեղեկացրել է  Ֆինանսական հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննչական խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը: 

 

Այս տարվա ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակ բողոքների աճ կա 10 տոկոսով: Այս աճը գրասենյակում համարում են բնականոն, քանի որ տվյալ դեպքում, նախորդ տարների հետ համեմատած միտումը նույնն է: Եթե այդ աճն ավելի մեծ լիներ, ապա դա կնշանակեր, որ համակարգային խնդրի հետ գործ ունենք՝ մեզ հետ զրույցում ասաց Ֆինանսական հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննչական խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի Ֆինանսական հաշտարարին դիմողների թվի աճը 10-15 տոկոս է կազմում:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ներկայացուցչի կարծիքով, դա պայմանավորված է նաեւ իրենց գործունեության մասին քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ:

Հրանուշ Աղայանը նաեւ նշեց, որ իրենց վիճակագրությամբ մի օրինաչափության մասին էլ կարելի է խոսել: Այն տարիներին, երբ նոր ծառայություններ են ներդրվել, օրինակ՝ ԱՊՊԱ-ի կամ պետական ծառայողների բժշկական ապահովագրության ներդրման տարիներին, Ֆինանսական հաշտարարին ուղղված դիմում-բողոքներն աճել են: Քանի որ վերջին շրջանում նոր ծառայություն չկա, հետեւաբար՝ ներկայիս 10 տոկոս աճը կարելի է բնական աճ համարել՝ կապված բնակչության իրազեկվածության բարձրացման հետ: Նա ասաց նաեւ, որ բողոքներն ու պահանջներն իրենք տարանջատում են:

Ստացված բողոքների մոտ 80 տոկոսը դառնում է քննության առարկա գրավոր պահանջի տեսքով: Հրանուշ Աղայանն ասաց, որ այս տարի, ինչպես վերջին 3-4 տարիներին, նկատելի է նույնօրինակ միտում՝ բողոքների ուղղվածության առումով: Բողոքների գերակշիռ մասն ուղղված է ապահովագրական ընկերությունների դեմ՝ մասնավորապես ԱՊՊԱ-ի հետ կապված:

Գործերի մոտ 40 տոկոսն էլ առայժմ գտնվում է քննության փուլում՝ հավելեց Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչը:

Մենք զրուցեցինք նաեւ ԱՊՊԱ-ի հետ կապված խնդրով Ֆինանսական հաշտարարին դիմած քաղաքացու հետ: Գայանե Բադալյանը կարծիք հայտնեց, որ Ֆինանսական հաշտարարի գործունեության մասին իրազեկվածության խնդիր չկա, բայց կա նրա նկատմամբ վստահության պակասի խնդիր: Ըստ նրա՝ դիմում բողոքները ֆինանսական հաշտարարին շատ ավելին կլինեն, եթե շահառուների մոտ վստահության պակասը չլինի: Ծառայությունից օգտված քաղաքացուհին ասաց, որ Ֆինանսական օմբուդսմենին դիմելիս ինքն էլ թերահավատ է եղել:

Հրանուշ Աղայանը չի կարծում, որ Հաշտարարի գրասենյակում ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքների ավելի շատ ստացվելը պայմանավորված է նրանով, որ ԱՊՊԱ ծառայություններն են վատ աշխատում: Կարծիք հայտնեց, որ մեծ թվով բողոքներն այս ծառայությունից բնական են, քանի որ դրանք են նեկայումս ամենամասսայական ծառայությունները:

Այսինքն, չի կարելի ասել, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակում բողոքների մեծ թիվը համակարգի լավ չաշխատելու արդյունք է՝ հավելեց Հրանուշ Աղայանը՝ նկատելով, որ ԱՊՊԱ-ից օգտվողների ընդհանուր թվի շատ չնչին տոկոսն է իրենց դիմում: Ֆինանսական հաշտարարի գրասենյակում միշտ էլ պատրաստակամ են օգնելու քաղաքացիներին՝ ֆինանսական վեճերը լուծելիս, բայց նաև հիշեցնում են՝ ֆինանսական շուկայում առաջին պաշտպանը զգուշությունն ու զգոնությունն է:

Back to top button