ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանին կոչ են արել խուսափել հետագա լարումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, տեղեկացնում ենք ԵԱՀԿ մամուլի գրասենյակից:

Հայտարարության մեջ ասված է, որ համանախագահների այցի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրադրությունը քննարկելն էր:

«Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ (հունիսի 12)՝ հանդիպելու «դե ֆակտո» իշխանությունների հետ և այցելել են Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջաններ, այդ թվում՝ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քարվաճառի շրջանները:

Բաքվում նրանք նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել:

Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից: Համանախագահները նույն ուղերձն են հղել նաեւ Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին:

Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններում:

Նրանք ընդգծել են, որ սա միակ եղանակն է, որի միջոցով հնարավոր է բերել տևական խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման: Նախագահներն արտահայտել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,-նշված է հայտարարության տեքստում:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելուՄինսկի խմբի անդամներին: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը:

Ցուցադրել ավելի
Back to top button