ՏՏ հայտնի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում <<Սոֆտկոնստրակտ>> ընկերության գրասենյակի բացման արարողությանը: ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող <<Սոֆտկոնստրակտը>> զբաղվում է մասնավորապես բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Երևանի քաղաքապետի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող ընկերության նորաբաց գրասենյակում: Սերժ Սարգսյանն ավելի ուշ այցելել է նաև ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ <<Պիկսարտ>> ընկերության գրասենյակ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված <<Սոֆտկոնստրակտ>> ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրում, ունի ավելի քան 500 գործընկեր: <<Սոֆտկոնստրակտի>> երևանյան գրասենյակի բացմանն այսօր ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նորաբաց գրասենյակում նա ծանոթացավ կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին: Գրասենյակի հարևանությամբ գտնվող ընկերության հիմնանորոգվող 2-րդ մասնաշենքում նախագահին ներկայացրին <Սոֆտկոնտրակտի>> երևանյան գրասենյակի հիմնադիրներ <<Բադալյան եղբայրներ>> ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղությունները ևս:
Սերժ Սարգսյանն այսօր այցելեց նաև ՏՏ ոլորտում իր դիրքերն արդեն ամրապնդած <<Պիկսարտ>> ընկերության գրասենյակ: Նախագահին ուղեկցող պաշտոնյաների թվում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ 2011-ին ԱՄՆ-ում հիմնված <<Պիկսարտ>> ընկերությունը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն երեք տարի: Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ հայաստանյան մասնաճյուղում այս պահին աշխատում է 350 մարդ, այն դեպքում, երբ ընկերության մեկնարկային կազմը չէր գերազանցում 10-ը: Լուսանկարների խմբագրման այս ծրագրից աշխարհում ամսական 90 միլիոն մարդ է օգտվում: <<Պիկսարտը>> հաճախ համարում են <<Ինստագրամի>> մրցակիցը, բայց, Հովհաննես Ավոյանի կարծիքով, երկու ծրագրերի նպատակներն ու գործառույթները էականորեն տարբեր են։
«Պիկսարտ» ընկերության հայաստանյան գրասենյակում նախագահ Սարգսյանն այսօր ծանոթացավ հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին։ Դրանցից «Պիկսարտ»-ում կարևորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ այն կխթանի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։