Հասարակություն

«Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձեւը


,,Հայաստանի Մանուկներ,, հիմնադրամը Արմավիրի մարզի մի շարք դպրոցներում փոխեց երեխաների ապրելաձևը: Մարզի մի շարք դպրոցներ վերակառուցվել են ու ժամանակակից կահավորվել, բարձրացել է ուսման առաջադիմությունը: Դպրոցնեում հիմնադրամը կազմակերպում է առողջապահական ու կրթական մի  շարք ծրագրեր, որոնց թվում կարևորում է առողջ ապրելակերպը: Այս խմբակի երեխաները վերջերս գործնականում ցուցադրել են իրենց հմտությունները։

,,Հայաստանի Մանուկներ,, հիմնադրամը տասը տարուց ավելի նոր մշակույթ  է ձևավորել Արմավիրի մարզի գյուղական մի քանի համայնքներում, որի հիմնական ուղղվածությունը գյուղի համապարփակ զարգացումն է: Հիմնադրամի միջոցներով հիմնովին վերակառուցվել են Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Հացիկ, Մյասնիկյան, Գետաշեն  համայնքների գյուղական դպրոցներն ու կահավորվել, մի շարք գյուղերում ստեղծել են ատամների մաքրման կայաններ, զուգահեռաբար  իրականացնում են բազմաթիվ առողջապահական և  կրթական ծրագրեր:

Հիմնադրամը մտահոգված է երեխաների բազմակողմանի կրթությամբ ու զարգացվածությամբ: Քարակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն Թամարա Բաղդասարյանը պատմում է 50-ամյա նախկինում անշուք ու անհյուընկալ պատերով  կիսավեր դպրոցի նոր կյանքի պատմությունը: ,,Դպրոցը շատ հին  էր, ջեռուցվում էր  դիզելային վառելանյութով, չուներ զուգարան, ջուր, և էսպես աշխատում էին,, ,- ասում է դպրոցի տնօրեն Թամարա Բաղդասարյանը:

Հետո ամեն ինչ փոխվեց,  2012 թվականից ուսուցումը կազմակերպվում է նոր, ժամանակակից կահավորմամբ տարբեր ծրագրեր իրականացնող դպրոցում, որտեղ  գործում է 8 խմբակ, բոլորն էլ՝ անվճար:

,,Հայաստանի Մանուկներ,, հիմնադրամը կրթական ու առողջապահական ծրագրերն իրականացնում է մարզի 18 համայնքի դպրոցներում: Երեխաների առաջադիմությունը բարձրացել է, հայոց լեզվին ու գրականությանը զուգընթաց լավ տիրապետում են օտար լեզվին:  Անգլերենի ուսուցման շնորհիվ  Լեռնագոգ գյուղի դպրոցի աշակերտուհի Նարեն ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող ,,Ապագա առաջնորդների փոխանակման՝ FLEX,,  ծրագրով հաջորդ ուսումնական տարում սովորելու է Ամերիկայի Միացյալ նախանգներում:

,,Ես ծրագրի հաղթող եմ և ամռանը մեկնելու եմ Ամերիկա, ուրախ եմ, որ այնտեղ եմ սովորելու, ունենալու եմ հետաքրքիր, արկածներով լի օրեր,,-ասում է Նարեն:

Գյուղական դպրոցներում շեշտը դրվում է նաև առողջ ապրելակերպի վրա: COAF-ի Առողջապահական ենթածրագրի ղեկավար Լուսինե Սահակյանը կարևորում է հատկապես առաջին օգնության կազմակերպումը՝ տեսականորեն  և գործնականում. ,,Մեկ կիսամյակ նվիրվում է միայն առաջին օգնության կազմակերպմանը, հետո խմբակի բոլոր դպրոցների երեխաները մրցում են միմյանց միջև: Այստեղ կարևորն այն է, որ ոչ բոլոր դպրոցներն ունեն բուժքույր, իսկ երեխաների ստացած գիտելիքները կբավարարեն թե դպրոցում, թե համայնքում կազմակերպելու ճիշտ և  գրագետ օգնություն: Բացի այդ ինֆորմացիան երեխաների միջոցով  է ներմուծվում համայնք,, :

Դպրոցների առողջ ապրելակերպի խմբակների աշակերտները տարեվերջում մրցույթի են մասնակցում և գործնականում ցուցադրում գիտելիքները: Գյուղերում ապրողներն ապահովագրված չեն օձի խայթոցից, ջրանցքներում ջրահեղձվելուց, խաղալիս՝ կոտրվելուց: Խմբակի երեխաներն  առաջին օգնության հմտություններն արդեն ունեն:

,,Օձի խայթոցի դեպքում, եթե ձեռքն է խայթել, ապա հնարավորինս այն պետք է սրտի մակարդակից ավելի ներքև պահել, վիրակապել ամբողջ ձեռքը՝ չայտուցվելու համար, շատ հեղուկներ տալ՝ թույնը նոսրացնելու համար, հիվանդին անշարժ պահել: Չի կարելի վերքը այրել, կտրվածքներ անել, լարան դնել կամ թույնը արտածծելով հեռացնել,,- երեխաների բացատրությունն է մարզում հաճախակի հանդիպող երևույթի՝ օձի խայթոցի  առաջին օգնության կազմակերպմանը:

Առողջ ապրելակերպի երկամյա խմբակի սաներին մրցույթի վերջում տրվեցին վկայականներ:

Back to top button