Միջազգային

Թուրքիայի իրական դեմքը՝ Էրդողանի թիկնապահների վարքագծում

ԱՄՆ-ում թուրքական դեսպանության շենքի դիմաց  կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի թիկնապահների հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել՝ հայտնում է Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը:

Նրանցից մեկը ազգությամբ թուրք Էյուփ Յըլդըրըմն է, Նյու Ջերսիից։ Նա Էրդողանի թիկնազորի անդամների հետ միասին ծեծել էր խաղաղ ցուցարարներին: Նշվում է, որ ԱՄՆ-ում շինարարական ընկերություն ունեցող Յըլդըրըմը հարձակման ժամանակ գտնվել է առաջին շարքերում, ինչն արձանագրել են տարածքի տեսախցիկները: Նա մեղադրվում է մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեին դիմած տուժածներից Լյուսի Ուսոյանը ցուցմունք է տվել Յըլդըրըմի դեմ՝ հայտնելով, որը վերջինն անձամբ է ծեծել իրեն: Աղբյուրը նշում է, որ տեսանյութերում նույնպես պարզորոշ երևում է, թե ինչպես է Յըլդըրըմը ոտքով հարվածում գետնին ընկած ցուցարարին:

Հաջորդ ձերբակալվածը Սինան Նարինին է՝ Վիրջինիայից։ Նա մեղադրվում է ծանր քրեական հանցագործության մեջ: Ակնկալվում է, որ Նարինն այսօր կբերվի Վաշինգտոնի գերագույն դատարան:

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի իշխանությունները քրեական մեղադրանքներ կառաջադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի անվտանգության 12 աշխատակիցների դեմ, որոնք մայիսի 16-ին հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց գտնվող հայ, ասորի, քուրդ և եզդի ցուցարարների վրա։

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խիստ կարևորեց այս գործին ընթացք տալու մոտեցումը. դրսում իրենց մաշկի վրա են զգում թուրքերի վարքագծի դրսևորումները:

«Խայտառակվեցին ամբողջ Ամերիկայում ու աշխարհում Էրդողանի թիկնապահները: Եթե Ամերիկա մտնեն, նրանց պիտի ձերբակալեն: Հիմա քննարկում են Թուրքիային զենք վաճառելու հարցը»:

Ամերիկայի հայկական համագումարը ևս դրսում տարբեր կազմակերպությունների հետ բարձրացնում  է Էրդողանի թիկնապահների վարքագծի հարցն ու փորձում ցույց տալ այդ երկրի իրական դեմքը՝ վստահեցրեց Արփի Վարդանյանը:

Իրավապահ մարմինները և փորձագետները նշում են, որ Էրդողանի թիկնապահներին արդարադատության առաջ կանգնեցնելը կարող է բարդ լինել,  քանի որ քիչ հավանական է, որ Թուրքիան արտահանձնի կասկածյալներին կամ թույլ կտա նրանց հարցաքննել։ Փաստաբան Նազելի Վարդանյանը մասնագիտորեն դժվարացավ հստակ պատասխան տալ  հարցերին, նախ պետք է միջազգային հետախուզում հայտարարվի նրանց նկատմամբ, ասաց:

Միջազգային հետախուզում հայտարարելու դեպքում երրորդ երկիր մուտք գործելու պայմաններում Էրդողանի թիկնապահներին կարող են ձերբակալել ու արտահանձնել Միացյալ Նահանգներ, հստակեցրեց նա:

Իսկ արդյո՞ք արդեն հայտարարված է միջազգային հետախուզում, հետաքրքրվեցինք ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ  Արա Ֆիդանյանից:

«Ո՛չ ԱՄՆ, ո՛չ Թուրքիան մեզ նման ինֆորմացիա չեն տալու»:

Իսկ Նազելի Վարդանյանը հուշում է, որ դեռ վաղ է ենթադրություններ անել՝ ունեն արդյոք Էրդողանի թիկնապահներն անձեռնմխելիություն, թե՝ ոչ։ Եթե միջազգային հետախուզում հայտարարվի՝ նրանց կձերբակալեն, հետո արդեն կփորձեն պարզել մյուս հարցերը:

Մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:

Back to top button