Հասարակություն

Թիվ 1 տուն-ինտերնատի իրական պատկերը. խնա՞մք, թե՞ իրավունքների ոտնահարում

Երեկվանից «ալեկոծվել է» ինտերնետ հանրությունը: Համացանցում հայտնվել է 9 րոպեանոց տեսագրություն Երեւանի թիվ 1 տուն ինտերնատի իրական կյանքի մասին: Սովորաբար տեսախցիկի եւ լրագրողների ներկայությամբ տուն ինտերնատներում պահվող տարեցները վախենում են խոսել, հատկապես, երբ տարբեր այցերի ժամանակ հյուրերին միշտ ուղեկցում են ինտերնատի աշխատողները: Այս անգամ փակ տարածքի ինֆորմացիան դուրս է եկել, քանի որ ահազանգով տուն-ինտերնատ այն էլ հանկարծակի այցելել են ԱԺ պատգամավորն ու Երեւանի ավագանու անդամը: Հենց նրանց է ուղեկցել այն տեսախցիկը, որն արձանագրել է շարքային քաղաքացիներին «շոկի մեջ» գցած իրականությունը:

Երեւանի կենտրոնում համակենտրոնացման ճամբար կամ գերեզմանոց դեռեւս ողջերի համար. ահա այսպիսի որակումներ են այսօր տրվում Երեւանի թիվ 1 տուն ինտերնատի, այնտեղ տիրող բարքերի ու տարեցների հանդեպ դրսեւորվող ոչ թե խնամքի, այլ՝ իրավունքների ոտնահարումների փաստով: Աղմկահարույց փաստերը հրապարակայնացրել են «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ու Երեւանի ավագանու անդամ Հարություն Բաբայանը: Վերջինս «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ ահազանգը ինքն է ստացել, բայց գիտակցելով, որ նման կառույցների դռները մշտապես փակվում են շարքային այցելուների եւ լուսաբանումների առաջ, իսկ պաշտոնական հանդիպումների դեպքում գործում է «գեղեցիկ կողմը» ցույց տալու սցենարը, որոշել էր «գործին խառնել» պատգամավորին, որ անհրաժեշտ դռները բացվեն: Այն, ինչ տեսան, իրականում շատ ավելի վատ էր նույնիսկ վատթարագույն սպասելիքներից՝ ասում է: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութում անգամ չեն ներկայացրել ամենասարսափելի տեսարանները՝ քաղաքացիների նյարդերը խնայելու համար:

Մարդասիրությունը եւ թիվ մեկ տուն ինտերնատը առայժմ անհամատեղելի հասկացություններ են: Դա ակնհայտ է դառնում այն փաստերից, որոնք արձանագրել է «armtimes» կայքի տեսախցիկը, որն ուղեկցել էր պատգամավորին ու ավագանու անդամին: Առաջարկում ենք պարզապես լսել նրանց եւ տարեցների զրույցներից մի քանի հատված:

Այս տեսանյութին ուղեկցող համացանցի օգտատերերի գրառումների մեծ մասը մեղմ ասած քննադատական են՝ լի անզուսպ զայրույթով եւ բառապաշարի պատճառով զգալի հատվածը նույնիսկ հրապարակման ենթակա չէ: «Վատացա, թշվառների հաշվին «աշխատում են» աշխատավարձ են ստանում», «Խայտառակություն …  ոնց կարելի է մարդկանց հետ նման կերպ վարվել, համակենտրոնացման ճամբարից ոչնչով չի տարբերվում», «Սա ինտերնատ չէր, սա գերեզմանոց էր»: Օգտատերերի մի խումբն էլ փորձում է օգնության կանչել մարդկային բանականությունը. «Բա ձեր խիղճը որտե՞ղ է, վաղը ձեր հետ նույն կերպ թող վարվեն», «Տվեք ինձ այդ ծերանոցը՝ մարդկանց ապրելու կյանքի ցանկություն նվիրեմ … Արցունքները խեղդեցին…»:

Դեռեւս այս տարվա հունվարին նախ՝ Վերահսկիչ պալատը, հետո  Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ էին իրականացրել թիվ 1 տուն ինտերնատում եւ բացահայտել շատ լուրջ խախտումներ, հավելագրումներ եւ գումարի յուրացումներ: Օրինակ՝ աշխատանքի են ընդունվել լրացուցիչ մարդիկ, ովքեր 3 ու կես միլիոն դրամից ավելի վարձատրություն են ստացել պետական բյուջեից, հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթեւանների ընդունումը եւ դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, ինչը եւս 8 միլիոնից ավելի վնաս է հասցրել պետբյուջեին: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ:

Թիվ 1 տուն ինտերնատը երկու ամիս է ղեկավարում է տնօրենի պաշտոնակատարը, այսօր աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարությունում հենց այս տուն ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար բաց մրցույթ էր: «Բացը» պարզապես անհրաժեշտ ձեւակերպում է, քանի որ Երեւանի ավագանու անդամ Հարություն Բաբայանը մեծ դժվարությամբ է կարողացել մուտք գործել նիստին, այն էլ այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչն ավարտված էր եւ պաշտոնակատարն արդեն «ընտրված էր» տնօրեն:

Կառավարության այսօրվա նիստից հետո սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից պարզաբանումներ ստանալու ակնկալիքներն այդպես էլ չիրականացան: Լրագրողներն ու նախարարն այդ շենքում այդպես էլ չհանդիպեցին իրար: «Ռադիոլուրին» ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել նախարարի մամուլի քարտուղարի հետ:

Փոխարենը՝ լրագրողների հետ զրույցում այսօր դեպքին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա վստահեցրել է, որ հարցը առաջնահերթ ուշադրության կենտրոնում է: Դեռ երկու շաբաթ առաջ ՄԻՊ աշխատակազմը մանրամասն ուսումնասիրություններ էր իրականացրել թիվ 1 տուն ինտերնատում:

Ի դեպ՝ թիվ 1 տուն ինտերնատի պատերին փակցված են տարբեր ցուցանակներ: Մեկը վկայում է, որ սենյակի վերանորոգումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Երվանդ Եւ Մերի Նազարյանների ֆինանսավորմամբ, մյուս ցուցանակով նշվում է, որ տուն ինտերնատի վերանորոգումն իրականացվել է ԱՄՆ եւ Հայաստանի ժողովուրդների գործընկերության շրջանակում՝ Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով: Իրականում այն սենյակները, որտեղ ապրում են տարեցները, վաղուց վերանորոգում չեն տեսել:

Կոտրված կահույք, ստվարաթղթով քողարկված պատեր եւ անմխիթար այլ տեսարաններ: Տուն- ինտերնատի մասին ահազանգը ստացած Հարություն Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այսօր առանձին զրուցել են տուն- ինտերնատի նորանշանակ տնօրենի հետ: Նա նույնպես վստահեցրել է, որ լավատեղյակ չէր խնդիրներին: Բաբայանի փոխանցմամբ՝ 5 ամիս ժամանակ է խնդրել իրավիճակը շտկելու համար, ինչպես նաեւ պատրաստ է համագործակցել եւ հաշվետու լինել բոլոր շահագրգիռ կողմերին: Իսկ շահագրգիռ կողմերն արդեն պնդում են, որ նման անմխիթար վիճակը ոչ միայն այս մեկ տուն- ինտերնատում է, այլեւ՝ մանկատներում:

Ցուցադրել ավելի
Back to top button