Մշակույթ

Բացվել է շվեյցարացի արվեստագետի ցուցահանդեսը


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ -Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը  կգործի մինչև հուլիսի 15-ը: Թերեզե Վեբերի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել 2015 թվականին։ Այդ ժամանակից ի վեր շվեյցարացի արվեստագետն  իր ստեղծագործություններում պարբերաբար անդրադառնում է հայկական մշակութային  ու  հոգևոր ժառանգությանը:


Թերեզե Վեբերը ժամանակակից շվեյցարական արվեստի  ամենահայտնի ներկայացուցիչներից է,  թղթարվեստի նշանավոր վարպետ: Նա աշխատում է  յուրահատուկ  տեխնիկայով՝ հիմնվելով թղթի պատրաստման արևելյան և արևմտյան ավանդույթների վրա:

«Այս ցուցահանդեսում  ներկայացված են տարբեր տարիների աշխատանքներ, որոնք նույն տեխնիկայով չեն իրականացվել: Ուզում եմ ընդգծել դրանցից մեկը. ես աշխատում եմ ոչ թե թղթի հետ, այլ չինական տեխնիկայով ստացած թղթի հումքով: Իմ աշխատանքները միավորում ենք և՛ գեղանկարչությունը, և՛ լուսանկարչությունը, և՛ գեղարվեստական տպագրությունը: Դրանք կրում են տարբեր մշակույթներից իմ տպավորությունների հետքը, այդ թվում և հայկական»:

Շվեյցարացի արվեստագետի  առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել  2015թվականին։ Այդ ժամանակից ի վեր իր ստեղծագործություններում պարբերաբար անդրադառնում է հայկական մշակութային  ու  հոգևոր ժառանգությանը:

«Այս ցուցահանդեսը մեզ համար, իսկապես, հպարտության առիթ է, որովհետև վերջին 25 տարիների պատմության մեջ Հայաստանում առաջին անգամ ներկայացնում ենք շվեյցարական ժամանակակից արվեստի դաշտում գործող, մասնավորապես,  թղթարվեստի ոլորտի լավագույն ներկայացուցչին»,-ցուցահանդեսի բացմանը նախորդած ասուլիսում ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:

«Իր գործի վարպետը լինելուց զատ Թերեզե Վեբերը  նաև թղթարվեստին նվիրված մի շարք հրատարակությունների հեղինակ է. հրատարակություններ, որոնցում ներկայացված է թղթի պատրաստման, հումքի օգտագործման ողջ գործընթացը:  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության համար շատ կարևոր էր այս ցուցահանդեսը Հայաստանում ներկայացնելը, քանի որ հայ արվեստասերներից  քչերը կարող են լինել Շվեյցարիայում կամ մեկ  այլ երկրում և ծանոթանալ ժամանակակից արվեստի այս հոսանքներին»:

Սոնա Հարությունյանի բնորոշմամբ՝ շուրջ հիսուն աշխատանքից կազմված ցուցահանդեսը  հայ արվեստասերի համար մեկ այլ գեղագիտության հետ ծանոթանալու հրաշալի հնարավորություն է:

Հավելենք, որ Թերեզե Վեբերի անհատական ցուցահանդեսը  կգործի մինչև հուլիսի 15-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button