Առաջարկություն. ՄԽ կից հասարակական-փորձագիտական խումբ ստեղծել


Արցախյան հակամարտության խնդրով բանակցային գործընթացը փակուղու մեջ է, որովհետեւ տարիներ շարունակ բանակցությունների մեջ գտնվողները գնացին անհամատեղելի երկու սկզբունքները համատեղելու ճանապարհով: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ դեմկուսն առաջարկում է Մինսկի խմբի հովանու ներքո հասարակական-փորձագիտական խումբ ստեղծել, որը կփորձի գտնել հիմքը՝ վստահություն ձեւավորելու եւ պաշտոնական բանակցություններն առաջ շարժելու համար։ Վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մինչդեռ, կարծում է, որ հանրային դիվանագիտությունը, հատկապես երբ խոսքն Ադրբեջանի մասին է, չի կարող ունենալ որեւէ արդյունք: Հետեւաբար, ըստ փորձագետի, նման նախաձեռնությունների վրա ջանքեր վատնելու փոխարեն անհրաժեշտ է պարզապես զբաղվել տնային աշխատանքներով:
Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները Ղարաբաղյան հիմնախնդրում որեւէ կերպ չեն կարող համատեղվել: Դա բացառվում է, ինչի մասին էլ փաստում է այն, որ բանակցությունները փակուղում են, իսկ պատերազմի վտանգը՝ բավականին մեծ: «Հիմնական խնդիրը, որ հիմա պետք է որոշվի, դա վստահության միջոցների ձեւավորումն է: Եթե վստահության միջոցները չեղան, մենք որեւէ առաջընթաց այս բանակցություններում չենք ունենալու»:
Դեմկուսի ղեկավարն առաջարկում է բանակցային գործընթացը սառեցնել եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար ձեւավորել փորձագիտական խումբ՝ երեք կողմերի մասնակցությամբ: Նման փորձ եղել է:
Երկու հասարակությունները պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կարողանան գտնել այն հիմքը, որում կարելի է համաձայնության գալ, եւ այն հնարավորություն կտա նաեւ պաշտոնական պատվիրակություններին առաջ շարժվելու՝ ասաց Արամ Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ նման առաջարկով դեմկուսը, դիմելու է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահներին:
Փորձագետ Թեւան Պողոսյանը դեմկուսի նախագահի առաջարկների միայն որոշ մասի հետ է համաձայն: Մնացածի հետ կապված անհամաձայնություն չի հայտնում, այլ ասում է՝ փորձենք վերլուծել իրական փաստերը: «Ադրբեջանը վարում է այլ քաղաքականություն. զինվում է, պատրաստվում ռազմական միջոցներով խնդրի լուծմանը: Սա ամբողջովին ազդանշաններ են մեզ համար, թե մենք ինչ պետք է անենք: Այս րոպեին նստենք եւ մտածենք, թե պետք է միայն բանակցությունների վրա շեշտը դնենք՝ ոչ, որովհետեւ պետք է կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանին բերենք բանակցային սեղանի շուրջ»:
Միակ ճանապարհը բոլոր տեսակի սցենարներին պատրաստ լինելն է եւ, միաժամանակ, ցույց տալը, որ հայկական զինված ուժերը մի քանի գլուխ ավելի բարձր են՝ հավելեց վերլուծաբանը: Հետեւաբար, ըստ Թեւան Պողոսյանի, ինչպես փորձն էլ է ցույց տվել, տվյալ խնդրում հանրային դիվանագիտության եւ այլ միջոցների վրա ջանքեր ներդնելն ապարդյուն է: Պետք չէ հերթական անգամ ինքներս մեզ խաբենք եւ պարզապես պետք է զբաղվենք մեր տնային աշխատանքներով՝ ասաց վերլուծաբանը՝ հստակեցնելով, որ նկատի ունի ներքին հազարավոր խնդիրները՝ ժողովրդական ինստիտուտների զարգացումը, տնտեսությանը զարկ տալն ու ժողովրդագրական խնդիրները լուծելը: Խնդիրներ, որոնց լուծումն իսկապես կհզորացնի երկիրն ու հասարակությունը: