Տնտեսական

Անասնապահությամբ քչերն են զբաղվում

Լոռվա սարերը առատ արոտավայրեր են անասնապահությամբ զբաղվողների համար: Թվում է թե, սա իրատեսական մոտեցում է գյուղացիների համար, սակայն արոտավայրերի հեռահար լինելն ու ճանապարհների բացակայությունը  միանգամից փոխում է պատկերը: Դարպաս գյուղում միակ խոշոր ֆերմերը երիտասարդ Անուշավան Ավետյանն է, ով հովվի աշխատանք է առաջարկում, բայց աշխատող չկա:

 

Լոռվա մարզի գեղատեսիլ բնությունն ու առատ խոտը հնարավորություն է տալիս գյուղացիներին զբաղվել անասնապահությամբ ու զարգացնել այն, սակայն մեկ այլ խնդիր խոչընդոտում է այս գործի խթանմանը: Հիմնական արոտավայրերն ու խոտհարքերը հեռահար են, գյուղից մոտ 20-25կմ հեռավորության վրա: Բացի այդ արոտավայրեր տանող ճանապարհ չկա:  Համայնքի ղեկավար Արմեն Ալոյանը նշեց, որ 223 հազ հա խոտհարք ունեն, 2464 հա արոտավայր, բոլորն էլ  գյուղից հեռու:

2000-ից ավելի բնակիչ ունեցող Դարպաս գյուղում նախորդ տարվա վիճակագրական տվյալներով գրանցված է 368 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հանայնքի կենտրոնում այցելեցի երիտասարդ ֆերմերի, ով ունի գյուղի միակ խոշոր անասնապահական ֆերման: 30 ամյա Անուշավան Ավետյանի անասնապհական ֆերմայում 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա,  10 խոզ, 20 հավ ու մեկ ձի:

,,Խոտհարքեր ունենք, բայց շատ հեռու է և հարմար չի օգտագործենք մեզ համար,,-ասաց Անուշավանը:

Հոր հիմնած գործը երկու եղբայրներով են շարունակում: Արնուշավանը նախկինում գյուղապետի տեղակալն է եղել, ապա աշխատակազմի ղեկավարը, սակայն աշխատանքից դուրս է եկել ու զբաղվել անասնապահությամբ: Անասունների վաճառքը կազմակերպում է տեղում՝ կենդանի քաշով: Գործը դժվարությամբ, բայց առաջ է տանում, այլընտրանք չունի, տանը երեք երեխա իրեն է սպասում: Խոտը գնում է կամ  էլ հնձում հարևաններիհողամասերից՝ դարձյալ վճարելով: Դժգոհում է. ,, Ճանապարհներ չկան, որ գնանք խոտ բերենք, ես  հո իմ գրպանից չեմ դնի ճանապարհ սարքեմ, մենակ ես չեմ ,,:

Կաթը մասամբ մշակում են,  պանիր ստանում, մի  մասն էլ հանձնում են վերամշակող ձեռնարկություններին՝ լիտրը 100-130դրամով: Անուշավանը մտածել է անասնապահությանը զուգընթաց  ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մասին, բայց դժվարություններ կան կոյուղու  հետ կապված, չի կարող ապահովել սանիտարական պայմանները: Բացի դա կաթնամթերքի սպառման խնդիր  կա:

Երիտասարդ ֆերմերը  նշեց, որ իրենք  հովվի պահանջ ունեն,  չեն կարողանում գտնել, համագյուղացիները հրաժարվում են հովվությունից: Մեկ գլխի համար ամսական պատրաստ են վճարել 3000 դրամ:

Անասանապահական ֆերմայի դիմաց ցավալիորեն  նկատեցի, որ  կուտակված գոմաղբը,  թափվում է և  չի օգտագործվում ոչ որպես օրգանական պարարտանյութ, և ոչ  էլ՝  վառելիք,  մինչդեռ Արագածոտնի և Շիրակի մարզերում այն չորացվում է, աթարը հավաքվում,  որպես վառելիքի պաշար: Անուշավանն ասաց, որ գյուղացիներին գոմաղբն  անվճար է տալիս, բայց տանող չկա, ինքն էլ ստիպված թափում է դաշտերում:

Արագածոտնի մարզի գյուղերում աթարը կամ ցանը,  վաճառում են:  Նախորդ ձմռանը Արտենի գյուղի բնակչուհի Անի Հովհաննիսյանը մեկ  բեռնատար ավտոմեքենա  ցանի դիմաց  վճարել էր 60 հազար դրամ. ,,Մեկ զիլ ցան եմ առել և 6 խմ փայտ, միասին վառել ենք  4-5 ամիս,,:

Երիտասրդ ֆերմերը նպատակներ շատ ունի, բայց միջոցներն են սուղ, իսկ անասնապահությամբ դեռ կշարունակեն զբաղվել:

Ցուցադրել ավելի
Back to top button