Հասարակություն

Այսօր դուրս կբերվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթի վանքի ուխտի օրն է:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Ս. Շողակաթի վանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասունքակիր թափորը դեպի վանք կուղղվի ժամը 10:20-ին:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Աթանագինեն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում: Բագավանում Տրդատ թագավորին ու արքունիքի պալատականներին մկրտելուց հետո Լուսավորիչը Սբ. Պատարագ է մատուցում և պատվիրում, որ ամեն տարի ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեի հիշատակները տոնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button