Տնտեսական

Խորհրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը


Ըստ որոշ տեղեկությունների՝ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին կրկին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Այս անգամ պատգամավորների դատին է հանձնվելու կառավարության ծրագիրը: Փաստաթուղթը, ըստ էության, արդեն պատրաստ է։ Դրա մասին ասել է հենց վարչապետը: Շուտով այն ուղարկվելու է խորհրդարան: Ինչ ունեցանք նախորդ ծրագրից հետո եւ ինչ ակնկալիքներ կան նորի հետ կապված՝ «Ռադիոլուրի» անդրադարձը:

 

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, որ մոտ օրերս ներկայացնելու են կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում փորձել են շատ հստակ ձեւակերպել այն գերակա ոլորտները եւ ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ եւ ներուժ ունեցող:

Ֆեյսբուքի օգտատեր Apetnak Poghosyan-ն իր գրառմամբ հորդորել է վարչապետին. «Կարկուտ ցրող հրանոթները բերեք: Ախր գյուղացին մեղք է, բնության ու ներկայիս հակակարկտային խաղալիքների ձեռքը կրակն է ընկել»:

Այս անգամ ինչ կներկայացնի խորհրդարանի քննարկմանը Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ պարզ չէ: Փաստաթուղթը դեռ գործադիրում է: Կարգի համաձայն՝ պատրաստի ծրագիրը կառավարությունն ուղարկելու է խորհրդարան, ժամանակ է տրվելու պատգամավորներին ծանոթանալու համար, հետո նոր հրավիրվելու է նիստ՝ քննարկումների եւ ծրագիրը հաստատելու համար: Սա երկրորդ անգամն է, որ Կարեն Կարապետյանը Աժ-ում ներկայացնելու է կառավարության ծրագիրը: Առաջինը նա ներկայացրել էր անցյալ տարի հոկտեմբերի 20-ին:

Առաջին ծրագիրը 33 էջանոց էր: Այն կազմելուց առաջ խորհրդակցել եւ առարկայական քննարկումներ էին ունեցել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, հայ եւ օտարերկրյա տնտեսագետների, փորձագետների եւ պարզապես ոչ անտարբեր մարդկանց հետ: Քաղաքական ուժերից ծրագիրը քննարկվել էր միայն հանրապետականների եւ դաշնակցականների հետ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այդ ծրագրին տվել է «ֆրագմենտալ» բնորոշումը:

Տրամաբանական շարունակության հետ մեկտեղ այս անգամվա ծրագրում պետք է արտացոլվի նախընտրական հանդիպումներում ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման ճանապարհները՝ կարծում է պատգամավորը: Ինչ հասցրեց անել կառավարությունն 8 ամսվա ընթացքում: Նոր վարչապետից ակնկալիքները, իհարկե, մեծ էին, բայց ինչպես ասվում է՝ «սեփական մաշկի վրա» դրական փոփոխությունները քաղաքացիները դեռ չեն զգացել:

Ապագա հաջողությունների հիմքերը դրվել են հենց Կարեն Կարապետյանի առաջին ծրագրում՝ կարծում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ վկայակոչելով դեռեւս շոշափելի չդարձած, բայց վիճակագրական թվերը:

Դեռեւս առաջին ծրագրի բացերից «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, այժմ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշում էր տնտեսության իրական սեկտորի, այսինքն՝ արդյունաբերության զարգացման ռազմավարության բացակայությունը: Նոր ծրագրում, ինչպես երեւում է, որոշակի ուշադրություն կդարձվի արդյունաբերության որոշ ճյուղերի վրա:

«Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խիստ քննադատաբար է տրամադրված կառավարության նոր ծրագրի հանդեպ: «Ռադիոլուրին» փոխանցեց, որ որեւէ սպասելիք չունի այս կառավարությունից: Դաշնակցության տեսակետը ու նաեւ ապագայում քվեարկությունը պարզ է ի սկզբանե, քանի որ այդ ուժը հանրապետականի հետ ստանձնել է պատասխանատվությունը եւ, ըստ էության, նույնպես հանդիսանում է ծրագրի հեղինակներից:

 

Back to top button