Էդվարդ Նալբանդյան. Հասցեական հայտարարություններից պետք է անցում կատարել քայլերի


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևանում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Գործընկերները մատնանշել են տնտեսական ու բիզնես ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը կարիք կա զարգացնելու: ՀՀ արտգործնախարարն իր պաշտոնակցին բնականաբար ծանոթացրել է արցախյան հիմնախնդրի ներկա փուլին, իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես նշելով թե քանի՞ հայտարարություն պետք է լինի, որպեսզի պարզ դառնա, որ դրանք բավարար չեն ու ավելի ազդեցիկ միջոցներ են անհրաժեշտ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը զսպելու համար:
Ըստ Մամեդյարովի՝ երկու երկրների նախագահներն ու համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է:
Այսօր արձագանքելով Ադրբեջանից հնչած հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այն Մամեդյարովի երևակայության հետևանք համարեց: Ադրբեջանցի նախարարը նաև նշել էր, թե հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում:
«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է, որը կա բանակցությունների սեղանին»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր ռուս և հայ պաշտոնակիցների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցեր:
Այս հայտարարություններին ի պատասխան՝ Նալբանդյանը մի հիշեցում արեց. «Սանկտ-Պետերբուրգում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են հրապարակել ու ասել ինչի մասին են խոսել, դրանից հետո Բաքուն փորձեց իր մեկնաբանությունը թողնել, դրանք ՌԴ որակեց որպես այլասերված»:
Թեև միջնորդներն անընդհատ շեշտադրում են հետաքննության մեխանիզմների ներդրուման վրա, սակայն, ըստ Էդվարդ Նալբանդյանի, համանախագահող երկրներին առանց այդ մեխանիզմների ներդրման էլ պարզ է, թե որ կողմն է նախահարձակ լինում ու, թերևս, դրանով էր պայմանավորված միջնորդների հասցեական հայտարարությունը:
Այսօր նախարար Նալբանդյանը շեշտում է, որ հայտարարություններից պետք է անցում կատարել քայլերի. «Բազմիցս են եղել հասցեական հայատարարություններ, քանի անգամ պետք է լինի, որ հասկանան որ պետք է սանձվի»:
ՀՀ ԱԳ նախարարը ղարաբաղյան խնդրին անդրադարձավ էստոնացի իր պաշտոնակցի՝ Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հաջորդ ամիս Էստոնիան կստանձնի ԵՄ նախագահությունը։ Այդ շրջանում է նախատեսված ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը։ Սվեն Միկսերը նշեց, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումը, մարդկանց տեղաշարժը շատ կարևոր է մարդկանց և երկրները մոտեցնելու համար:
«ԵՍ շատ կուզեի տեսնել վիզային ռեժիմի ազատականացում ՀՀ-ի հետ, և որքան շուտ այնքան լավ»:
Էստոնիան շահագրգռված է այդ հարցում, սակայն, նախարար Միկսերի խոսքով, իրենք չեն կարող ժամկետներ մատնանշել, դրա իրականացման համար շատ բան կախված կլինի ՀՀ ունակություններից՝ հստակեցրեց եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը: