Երբ երկիրը լավ չի գովազդվում, տուրիզմը չի կարող զարգանալ, ասում են ոլորտի պատասխանատուները


ՀՀ-ում տուրիզմն այն ոլորտն է, որտեղ կարող են լինել խոշոր ներդրումներ, բյուջեի աճ և աշխատատեղեր: Այս կարծիքին է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Խոսելով Հայաստանում ներգնա և ներքին տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին՝ նա ողջունել է տուրիզմի հետ կապված գործող Կառավարության ծրագրերը՝ շեշտելով, որ այդպիսի լավ մոտեցումներ զբոսաշրջության նկատմամբ երբեք չեն եղել: Նա նաեւ մատնանշել է կոնկրետ խնդիրներ, որոնց լուծումը կոնկրետ արդյունքներ կտա ոլորտին: «Ռադիոլուրը»խնդիրների վերաբերյալ լսել է նաեւ տուրիստական ընկերության տեսակետներ:
Հայաստանի տուրիզմի ապագայի նկատմամբ ներկայիս մոտեցումները դրական են: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի կարծիքով՝ դրանք կնպաստեն լավ պայմանների ստեղծմանն ու և Հայաստանն աշխարհում գովազդելուն: Գովազդի հարցում, սակայն, նա խնդիրներ տեսնում է: Խնդիրներ տեսնում է նաեւ ներքին տուրիզմը գովազդելու տեսանկյունից. «Եթե մենք ներքին տուրիզմը չզարգացնենք, ապա մենք ներգնա տուրիզմն էլ չենք կարողանա զարգացնել: Ընդ որում, ցանկացած զարգացած տուրիստական երկրում գումարների 40 տոկոսը գալիս են ներքին տուրիզմից»:
Ներգնա եւ ներքին տուրիզմով զբաղվող «Ակտի գրուպ» ընկերության հիմնադիր Արթուր Գասպարյանը նույնպես կարծում է, որ գովազդի հարցում լուրջ բացեր կան: Երբ համարժեք գովազդվի երկիրը դրսում, ապա բոլոր տուրիստական կազմակերպություններն էլ կշահեն՝ հավելեց Արթուր Գասպարյանը:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի գնահատմամբ՝ վարչապետի կողմից օպերատիվ մի քանի հանձնարարականներ եղել են, որոնք կարող են նպաստել ներգնա եւ ներքին տուրիզմի զարգացմանը: Օրինակ՝ մաքուր Հայաստանը, կամ՝ այն իրավական քայլը, որ ՌԴ-ի քաղաքացիները կարող են ՀՀ մտնել նաև ներքին անձնագրերով: Այս քայլերը դրական են գնահատում նաեւ տուրիստական կազմակերպությունները:
Ռուբերտ Մինասյանը նույնպես կարծում է, որ ակտիվ աշխատանքը պետք է շարունակել: Քայլեր պետք է արվեն նաեւ տուրիզմի տեսանկյունից դոնոր երկրներ գտնելու առումով: Այս պահին, ըստ նրա, 2 հիմնական շուկա կա՝ Ռուսաստան եւ Իրան: Մինչդեռ, պետք է քայլեր կատարել թե՛ դրանք զարգացնելու, թե՛ նոր շուկաներ ներգրավելու ուղղությամբ: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորն ասաց, թե չի վիճարկում պաշտոնապես հայտարարված թիվը, որի համաձայն տարվա կտրվածքով ՀՀ 1 մլն 200 հազար տուրիստ է գալիս: Չի վիճարկում նաեւ խոստումները, թե այս տարի պետք է կրկնապատկվի այդ թիվը:
«Ես որեւէ թիվ չեմ վիճարկում, որովհետեւ այսօր հնարավոր է նման հաշվարկ կատարել: Ես, սակայն, կարծում եմ, որ եթե մենք նման թվեր ենք հրապարակում, ապա պետք է ասենք, թե ինչքան գումար է մտել պետական բյուջե»:
Պետք է ճիշտ կադրերը մասնագիտորեն կազմեն եւ ներկայացնեն տուրիստական ուղղություններն ու երկիրը: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորն ասաց, որ տեսնում է կադրերի հետ կապված լուրջ խնդիրներ, այդ թվում՝ գիդերի: Տուրիստական ընկերության հիմնադիր Արթուր Գասպարյանը նույնպես կարծում է, որ կադրերի առումով լուրջ բացեր կան:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը համամիտ է, որ, այսպես ասած, շղթայի բոլոր օղակներում ճիշտ կադրերի ճիշտ աշխատանքն է, որ կտանի զարգացման: Այդ թվում կնպաստի ընդհանրապես նորմալ գների ձեւավորմանը. «Գները կարելի է իջեցնել, եթե քանակությունը ավելանա, եթե սպասարկումը լավանա: Չի կարելի ասել, որ հարեւան երկրում գները լավ են, էժան են: Մեզանից թանկ էն: հստակ եմ ասում: Բայց մենք մոդայիկ ազգ ենք»:
Ըստ Ռոբերտ Մինասյանի՝ նաեւ ներքին տուրիզմի զարգացման խնդրում տեղեկացվածության եւ երկիրը լավ ճանաչելու խնդիր կա, հետեւաբար՝ կարծում է, որ ներքին տուրզմը զարգացնելու գործն էլ պետք է սկսել մանկապարտեզից: