ԿարևորՀասարակություն

Տարոն Մարգարյանը երդվեց (լրացված)

տեղադրված՝ 11.45-ին
լրացված՝ 17.10-ին


Երևանի քաղաքապետարանի շենքում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ: Օրը խորհրդանշական է համարվում, քանի որ այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այս մասին հիշատակելով՝ նախագահը շեշտել է, որ նորընտիր քաղաքապետը մեզ հիասթափեցնելու իրավունքը չունի: Նախագահ Սարգսյանը պետական շատոնյանների ուղեկցությամբ այսօր այցելել է նաեւ Կոմիտասի անվան այգու պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործիչ եւ նախկի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

 

Երեւանի ավագանու երդմնակալության արարողության նիստին գրանցվել էր եւ մասնակցեց 60 անդամ:

Քաղաքապետի երդման արարողությանը չմասնակցեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե  իրենք առանձին նիստ են անցկացնում՝ քննարկելու իրենց օրակարգը:

Ի տարբերություն՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ամեն օր է ինքը տոնական տրամադրությամբ, երբ գործ է անում: Հավելեց, թե չի կարծում, որ երդմնակալությանը մասնակցելով կամ չմասնակցելով է որոշվում գործելու արդյունավետությունը:

«Ամեն մարդ ունի իր կարծիքը, իր գործելու ճանապարհներն ունի»:

Գնահատելով քաղաքապետի նախկին շրջանի գործունեությունը՝ Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իր բարձրաձայնած խնդիրների 30 տոկոսը լուծվել է:

«Հուսամ էս անգամ ավելի լավ կլինի»:

Իսկ «փշերը տրորելը» լավ իմաստով եմ ասում՝ եզրափակեց Անահիտ Բախշյանը: Երդման արարողությամբ ստանձնելով լիազորությունները՝ Տարոն Մարգարյանը խոստացավ ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Քաղաքապետի երդմնակալությունից հետո Երեւանի պատմության թանգարանից բերված քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Տարոն Մարգարյանին փոխանցեց Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը:

Տրամադրությունը տոնական է եւ սպասելիքներն իրականացվող. ամեն ինչ հանուն Երեւանի՝  մեզ հետ զրույցում ասաց նա:

Երեւանում շատ բան փոխվել է, բոլոր առումներով առաջընթացն ակնհայտ է եւ այդ առաջընթացը թելադրում է նոր պահանջներ, ուստի նաեւ շատ անելիքներ էլ կան՝ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Որպես կատարվածի մեկ օրինակ մատնանշեց 20 տարի շարունակ գոյություն ունեցող 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը, որը վերջնականապես լուծվեց Տարոն Մարգարյանի քաղաքապետության առաջին շրջանում՝ մեկ տարի առաջ:

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողները հարցեր ուղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը:

Տրանսպորտի խնդիր՝ որպես չլուծված հարց լրագրողները հիշեցրէլ էին նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանին:

Երեւանի խնդիրներին այսօր անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Անիրականանալի նպատակներ չկան: Տարիներ առաջ այսօրվա մեր ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Բոլորս միասին ապացուցում ենք, որ կարող ենք լուծել մեր առջեւ ծագած խնդիրները: Շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ  Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ նախագահը շեշտեց, որ հավատում է՝ տարաձայնություններից վեր կարող է լինել եւ նրանց բոլորին միավորել Երեւան համայնքի ընդհանուր շահը:

«Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»:

Քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո նախագահ  Սերժ Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի գործչի հիշատակին: ԱԺ խոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Մարգարյանին համարում է իրեն ուսուցիչ ու երբեք չի մոռանալու նրա տված դասերը:

Back to top button