ՆԱՏՕ-ն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին


ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, եւ կառույցի անդամ բոլոր երկրները մտահոգված են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ՝ այսօր Երեւանում հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Տարածաշրջանային այցով Երեւանում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Հայաստան- ՆԱՏՕ համագործակցությունը գնահատելով գերազանց՝ Ջեյմս Ապաթուրայն առանձնացրեց այն երկու կարեւոր հարցերը, որի շուրջ լինելու են քննարկումներ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Մեկը վերաբերում է տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի հետ քաղաքական խորհրդակցություններին, իսկ մյուսը՝ դաշինքի ծրագրերին մեր մասնակցության ընդլայնմանը:
Ապշեցուցիչ ցատկեր չենք ակնկալում՝ նշեց ՆԱՏՕ- ի ներկայացուցիչը: Իսկ թե որ ուղղություններով կշարունակվեն շփումները եւ որ հարցերի շուրջ կարձանագրվեն հստակեցումներ՝ տարածաշրջանում դաշինքի հատուկ ներկաայցուցիչը պատաասխանեց. «Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը: ՆԱՏՕ-ն ակտիվորեն կրթում է հայ զինծառայողներին իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում»:
ՆԱՏՕ- ի ներկայացուցչի թվարկած հարցերի շուրջ համագործակցության պատրաստակամություն ավելի վաղ հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Տարածքաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցերի տեսանկյունից ինչպե՞ս է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերաբերում այն կանխատեսումներին, ըստ որոնց Արցախի հակամարտության շուրջ սպասվում են նոր սրացումներ:
«Մենք հետևում ենք անվտանգության իրավիճակին: Ներկայիս մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է հիմա: Վերջերս զինված բախումների մակարդակները ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի ներկայացված ու չեմ էլ կարող ես այս ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումը ՄԽ ջանքերին սատարելն է, քանի որ խնդրում ներգրաված են ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրները: Մենք, անշուշտ, կսատարենք՝ ՄԽ-ին, երկրների ջանքերին՝ խաղաղ կարգավորելու այս խնդիրը»:
Իսկ այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ- ի դաշնակից երկրներից Թուրքիան հստակ աջակցում է Ադրբեջանին, Ապաթուրայը հստակեցրեց՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետություները հանդես են գալիս միասնաբար: Տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ մեր դաշնակիցները տարբեր հարաբերություններ ունեն, բայց կարևորն այն է, որ չնայած այդ տարամետ դիրքորոշումներին՝ բոլոր դաշնակիցներն ընդունում են ու սատարում են հետևողական, բարեկամական, վստահելի հարաբերությունները Հայաստանի հետ։ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը հետևյալն է՝ նվազեցնել լարումն ու թշնամական դրսևորումները, եւ գտնել խաղաղ լուծումներ՝ վստահեցրեց դաշինքի ներկայացուցիչը: