Հնարավոր են արդյոք անդրկուլիսային ընդդիմադիր դաշինքներ՝ նոր ԱԺ-ում


Նոր ԱԺ ձեւավորման պահից ի վեր աշխատում է արտահերթ նիստերի ռեժիմով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերջին արտահերթ նիստի ավարտին դեռ հորդորեց, որ երկար աշխատանք ունեն եւ «գործերը պետք է կազմակերպել Երեւանում»: Սա նշանակում է, որ պատգամավորները մի քանի անգամ դեռ հավաքվելու են արտահերթ աշխատանքի: Մինչ այդ աշխատանքները՝ «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանել, թե անցած երկու արտահերթ նստաշրջանը ինչ խնդիրներ վեր հանեց հատկապես ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների եւ հատկապես՝ քվեարկության տեսանկյունից: Արդյո՞ք ընդդիմադիրները պատրաստվում են անդրկուլիսյան նոր համագործակցությունների եւ նոր ռազմավարության:
Նախորդ խորհրդարանում ընդդիմադիրները, հոգնելով այսպիսի պատկերից, ձեւավորեցին քառյակի համագործակցության ձեւաչափը: Այս շրջանը համարեցին անցած խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկը, երբ ընդդիմադիրներին հաջողվեց այդ փուլում վերածվել որոշ չափով «օրակարգ» թելադրողի: Այդ շրջանից գոհ է անգամ նախկին պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ձեւաչափը, ի դեպ, երբեմն անվանում է «հրաշալի քառյակ»:
Այս խորհրդարանի ձեռքբերումների ազդակ իբրեւ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Վարդան Բոստանջյանն ընկալում է Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման քննարկումը, երբ իշխանությունն ընդառաջեց ընդդիմությանը եւ ընդունեց սկզբունքային առաջարկը՝ հակակոռուպցիոն մարմնում ընդդիմադիրներին թեկնածու առաջադրելու իրավունք տալով: Այսպիսի «քաղաքակիրթ» եւ արդյունավետ պայքարը խորհրդարանում «ծառուկյանական» դաշինքից պատգամավորին դեռ գոհացնում է:
Որեւէ նոր ձեւաչափով ընդդիմադիրների համագործակցության անհրաժեշտություն «Ելք» խմբակցությունում առայժմ չեն տեսնում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ներքին կարգով, «կուլիսային» խմորումներ այդ առումով չկան:
Ի դեպ, պարզ թվաբանական հաշվարկը վկայում է՝ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների համագործակցությունն ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան՝ այս խորհրդարանում: Եթե նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների համագործակցության արդյունքում կողմ եւ դեմ ձայների տարբերությունը 22 էր, այս խորհրդարանում ներկայացված 4 խմբակցություններից երկուսն արդեն իշխանական համագործակցության մեջ են, իսկ ընդդիմադիրները, եթե անգամ միավորվեն, ձայների տարբերությունը 25 է: Այսպիսով՝ պարզ քվեարկությամբ ընդդիմադիրները «եղանակ փոխել» չեն կարող: Ինչ վերաբերում է օրենքով ընդդիմադիրներին տրված լայն լծակներին եւ լիազորություններին, ապա «Ռադիոլուրի» հետ զրույցում իրավաբան Նորայր Նորիկյանը դա բավարար չի համարում «ազդեցիկ ընդդիմության» բանաձեւի համար:
Իշխանությունն ամեն դեպքում հավաստիացնում է՝ «փոխվել է» եւ պատրաստ է որոշ դեպքերում ականջալուր լինել ընդդիմությանը: Համենայնդեպս, վստահեցումներ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից արդեն հնչել են:
Առաջիկայում պատգամավորներին դեռ սպասվում են արտահերթ աշխատանքներ, որի ընթացքում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկում է: Օրակարգը կրկին առաջարկելու է կառավարությունը: