Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հռիփսիմյանց կույսերի հիշատակը


Այսօր՝ հունիսի 12-ին, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրն է, որի շրջանակներում ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը կուղևորվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Հռիփսիմեն Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ), Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Կույսն իր գեղեցկությամբ գերել է կայսերը, որն էլ ցանկացել է նրան կնության առնել: Բարեպաշտ կույսերն իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչել են Ալեքսանդրիա, այնուհետև Վաղարշապատ։
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ցանկացել է տիրանալ Հռիփսիմեին: Տրդատին դա չի հաջողվել, և նա զայրացած հրամայել է սպանել բոլոր կույսերին: