Janapar Trail․ Թելմա Ղազարյանի վազքով սկսվեց դրամահավաքի մեկնարկը


Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
Janapar Trail կոչվող նախագիծը հետիոտնային եւ էքստիմալ զբոսաշրջության սիրահարներին առաջարկում է այս ամառ հետաքրքիր ճանապարհորդություն կատարել Արցախում՝ հյուսիսից հարավ այն հատելով ոտքով:
Ավելի քան 280 կիլոմետրանոց արշավային արահետի գծանշումն ու կահավորումը նախաձեռնել է Հայ լեռնագնացների ընկերակցությունը: Ճանապարհ թրեյլը անցնելու է լեռներով ու ձորերով, մի քանի գետահովիտներ հատելով՝ զբոսաշրջիկի առջեւ բացելով Շահումյանի շրջանի ալպիական մարգագետիներին փոխարինող թավշապատ ժայռերն ու Թարթառի եւ Խաչենագետի կուսական անտառները, Կարկառի ու Վարանդայի բերքաբեր հովիտերը՝ Հադրութի լեռնանցքերով հասնելով հարավային սահման:
Արցախում ոտքով ճանապարհորդելու սիրահարների շատ կարելի է հանդիպել, տարվա համարյա բոլոր եղանակերին: Զբոսաշրջային կահավորված արահետ, որպես այդպիսին չկար: Առաջինը պիտի դառնա հյուսիսից հարավ՝ պատմական Ծարից Հադրութ ձգվող ճանապարհ թրեյլը, որը պաշտոնապես երեկ առաջինը սկսեց հատել ուլտրամարաթոնի ամենաճանաչված կին-ներկայացուցիչներից մեկը՝ Թելմա Ղազարյանը: Վաղ առավոտյան հատելով երկու հայկական հանրապետություների խորհրդանշական սահմանը հյուսիսում, երեկոյան նա արդեն Ստեփանակերտում էր:
Ռոբերտ Ասարյանի խոսքով՝ արցախյան Janapar Trail –ը Վրաստանից Իրան ձգվող արշավային արահետի բաղկացուցիչն է: Երթուղին այնպես է կազմված, որ արշավորդները նաեւ մարդկանց հետ հանդիպեն: Թելմային առաջին ընդունողները Շահումյանի շրջանի բնակիչներին էին՝ ամբողջ աշխարհում հազարավոր կիլոմետրեր անցած արշավորդին չգիտակցված անակնկալներ մատուցելով:
Թելման արցախյան քայլարշավային երթուղին ուսումնասիրել է GPS համակարգով եւ իր արշավը սկսել է ճանապարհին տեղյակ անձանց ուղեկցությամբ: Երթուղին, ըստ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի, ներառված է միշարք հավելավածներում, ինչը արշավորդներին օգնում է կողմնորոշվել:
Թելմա Ղազարյանի վազքով տրվեց դրամահավաքի մեկնարկը, որից ստացված գումարն էլ կուղղվի Հայաստանից Արցախ ձգվող Janapar Trail արշավային արահետի կահավորմանը: