Հասարակություն

Նոր Հաճընի կամուրջը լուսավորվել է բարձրակարգ լամպերով

Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են. կամուրջն  ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող բարձրակարգ լամպերով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։

Նախարարության եւ «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:

Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսեւորում է: «Կոնսէլ» ընկերության համար  «Philips»-ի վերջին սերնդի արտադրատեսակները հայ հանրությանը ներկայացնելու միջոց է, իսկ պետության համար՝ երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու եւ կամրջային բարդ ենթակառուցվածքը բարձրակարգ լուսատուներով անվճար կահավորելու  հնարավորություն:

Լույսերի տեղադրման եւ միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ «Philips Lighting» ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթեւեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ  առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:

Կարդացեք նաև
Close
Back to top button