Տնտեսական

ՀՀ ԿԲ նախագահը արդյունավետ է գնահատում ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ Հայաստանի 25-ամյա գործակցությունը

Արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, — այս մասին նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝  ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների ընդունելության ժամանակ։

ԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին և հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:

Արթուր Ջավադյանը շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՀ և ՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել և մնում են ընթացիկ նախագծերի քննարկման և նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:

Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:

Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում:

Back to top button