Քաղաքական

Փոստանջյանի խոստացած դժոխքի հուրը չզգաց քաղաքապետը

Պայթող փուչիկների ու կոտրվող ափսերենրի ձայներն են լսվում  Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց:  Հեղինակը  «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է:  Նրանք  քաղաքապետարանի շենք մուտք գործեցին ՀՀԿ գրությամբ փուչիկներ  պայթեցնելով և ափսեներ կոտրելով: Իսկ ափսեների վրա պատկերված էին նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի  ու ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նկարները:

 

 

Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկեցին երկու անդրանիկ նիստեր. դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Ելքի» դաշինքի ավագանու անդամների մասնակցությամբ ավագանու և բացօթյա՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության նիստերը։

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խմբակցությունն այսուհետև թույլ չի տալու քանդել քաղաքը, վերահսկելու է Երևանի բյուջեն, մշտադիտարկում է անցկացնելու, թե որքան գումար է ծախսվում քաղաքի բյուջեից և ինչի վրա։ Նրա խոսքով` այսօրվանից սկսելու է քաղաքապետարանի գրավումը։

Նա լրագրողներին որևէ մեկնաբանություն չտվեց, թե արդյո՞ք հետագայում էլ խմբակցությունն իր նիստերն անցկացնելու է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, հետո արդեն  հայտարարեց, թե որն է լինելու խմբակցության սեղանի գիրքը:

Մինչ Փոստանջյանը ներկայացնում էր իրենց բանաձեւը, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տարիքով ավագը` հանրապետական խմբակցությունից Աստղիկ Գեւորգյանը հայտարարում է Ավագանու առաջին նիստի բացումը:

Նորընտիր քաղաքապետին հոտնկայս ծափահարեցին ՀՀԿ ավագանու անդամները, իսկ «Ելք» դաշինքը չարձագանքեց: Արդեն ամբիոնից վստահության քվեի համար Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երեւանցիներին:

Մինչ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը դրսում խոստանում էր Տարոն Մարգարյանի աշխատանքային օրերը դժոխքի վերածել, քաղաքապետը  լրագրողներին փոխանցեց, որ չի  չզգացել  դժոխքի հուրը:

Տարոն Մարգարյանին չի անհանգստացնում, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բացակայել է առաջին նիստից, բայց առավել արդյունավետ աշխատանքի համար խորհուրդ տվեց  աշխատել ոչ միայն աշխատասենյակում ու դրսում, այլև նիստերի դահլիճում։ Հետո արդեն  երրորդ անգամ ընտրված Տարոն Մարգարյանը խոստացավ շարունակել 2011թ–ից սկսած աշխատանքը` լավացնել տրանսպորտի և աղբահանության ծառայությունները, իսկ երևանցիներին խնդրեց չաղտոտել քաղաքը։

Ի դեպ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ քաղաքային խնդիրների լուծմանը ուղղված որևէ հարցում «Երկիր Ծիրանի» հետ համագործակցելու կաշկանադվածություն չունեն, բայց եւս չեն պատրաստվում հետեւել նրանց օրինակին:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանի շենքը բավարար չափով հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու համար: «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը նիստին մասնակցելու համար ստիպված էր 4-րդ հարկից 5-րդ հարկ բարձրանալ, ապա նաեւ իջնել գործընկերների օգնությամբ:

Եվ վերջում՝ վերընտրված քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա  հունիսի 12-ին։

Back to top button