Նախագահն ընդունել է ՀԲ-ի և ԱՄՀ-ի տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ:
Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ և արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ:
Հանդիպման մասնակիցները ևս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով: