Ինչու տապալվեց «Գայանե» բալետը


Հանդիսատեսի հանդեպ անթույլատրելի վերաբերմունք. Օպերային թատրոնի ղեկավարությունն այսպես է գնահատում թատրոնի նվագախմբի անդամների երեկվա քայլը. Հիշեցնենք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում երեկ պիտի կայանար Խաչատրյանի «Գայանե» բալետը, սակայն սպասված ներկայացումն այդպես էլ չկայացավ. պարզվեց, որ թատրոնի նվագախումբը որոշել է բոյկոտել այն: Պատճառների մասին հրավիրված ասուլիսում այսօր դժվարացել է նշել անգամ թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյան՝ նշելով, որ երաժիշտների գրավոր բացատրությունները հավանաբար կտան հարցի պատասխանը:
Շուրջ 1160 հանդիասատես երեկ տոմս էր գնել ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում էր դիտել Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրված էր «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Հանդիսատեսը երկար սպասեց, բայց Խաչատրյանի հերոսուհու հետ հանդիպումն այդպես էլ չկայացավ:
Ավելի ուշ պարզվեց՝ նվագախմբային փոսի փոխարեն երաժիշտներն ուղղություն էին վերցրել դեպի փողոց… Բողոքի ակցիայի նպատակի, բոյկոտի նախաձեռնության հեղինակների մասին մինչ թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ լրագրողների հանդիպման ավարտը, գոնե ոչինչ հայտնի չէր. «Նախարարի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ժողով, կատարվածը գնահատվել է, որպես անթույլատրելի վերաբերմունք»:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գայանեի տապալված ներկայացումը պայմանավորված է օպերային թատրոնում տեղի ունեցող կադրային փոփոխություններով: Կարինե Կիրակոսյանն ասում է, որ թատրոնի 583 աշխատակիցներից կրճատվել է ընդամենը 10-ը` այն էլ վարչական մասից, այլ ոչ թե` ստեղծագործական: «Աշխատակազմը ուռճացված էր, փոփոխությունները կատարվել են աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով», -ասում է Կիրակոսյանը:
Օպերային թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանից ևս փորձեցինք հետաքրքրվել՝ այդուամենայնիվ, որն էր նվագախմբի երաժիշտնների բողոքի ակցիայի իրական շարժառիթը: Վարդանյանն ասում է, որ շատերի հետ է զրուցել, բայց հստակ որևէ պատճառ չի մատնանշվել:
Թե որքանով երաժիշտների գրավոր բացատրությունները կտան ինչու, ինչ նպատակով հարցերի պատասխանները, դժվար է ասել: Ստեղծված իրավիճակում հստակ է մեկ բան՝ թատրոնի ներսում ստեղծված որևէ խնդրի պատճառով հանդիսատեսը չպետք է տուժի: Ի դեպ, թատրոնի տնօրինությունը կվերադարձնի տապալված ներկայացման տոմսերի գումարը: