Մշակույթ

Արտիստ չէ նա, ով կարող է տապալել ներկայացումը. Արմեն Ամիրյան

Թատրոնի դահլիճում այսօր հրավիրած ժողովի ավարտին նախարար Արմեն Ամիրյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեց իր աշխատանքային առաջնահերթություններից մեկը, կոչ արեց համախմբվել գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի շուրջ. «Խնդիրները ներկայացրե′ք տնօրենությանը՝ ստեղծագործականից մինչև աշխատանքային ու կենցաղային, միասնաբար կփորձենք առողջացնել մթնոլորտն ու համակարգը Թատրոնում։ Ամենաբա′րդ խնդիրները բարձրացրեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի տապալել ներկայացումը»։

Ժողովում այդպես էլ որևէ մեկը նախարարին բարձրաձայն «չխոստովանեց», թե որտեղ կամ ում գլխում է ծագել «Գայանե» բալետի հունիսի 8-ի ներկայացումը տապալելու գաղափարը։ Ներկա էին թե′ նվագախմբի անդամները, որոնց մի մասի՝ նվագելուց հրաժարվելու պատճառով չի կայացել ներկայացումը, թե′ բալետային խմբի անդամները, որոնք, ինչպես այսօր պնդեցին, կազմ ու պատրաստ սպասել են «երրորդ զանգին»։

Չնայած, անդրկուլիսային փսփսոցները տանում են դեպի Օպերայի՝ աշխատանքից ազատվելու ծանուցում ստացած որոշ պաշտոնյաներ, սակայն, դա թերևս փաստական դառնա միայն այն ժամանակ, երբ ներկայացմանը ներգրավված բոլորը նախարարի պահանջած բացատրագրերում պատասխանեն մեկ հարցի՝ ինչո′ւ և ինչպե′ս որոշեցին ելույթ չունենալ հունիսի 8-ին։

«Որևէ կերպ պատկերացնելի չէ, թե ինչպես կարող է արտիստը տապալել ներկայացումը… Տոմսերը վաճառված են, լեփ-լեցուն դահլիճ՝ մոտ 750 մարդ սպասում է, և դուք դավաճանում եք ձեր հանդիսատեսին։ Հանդիսատեսը և ներկայացումը սրբություն են իսկական արտիստի համար։ Դա պարզապես սաբոտաժ էր և ապացուցեց, որ իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը և որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»,-ասաց նախարարը։

Կոնստանտին Օրբելյանը բավական վրդովված ու վիրավորված դիմեց ժողովի եկածներին. «Արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին ՝ երբե′ք, և ո′չ մի պատճառով։ Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի′ հետ»։

Մաեստրոյի հնչեցրած մի կարևոր փաստ, թերևս հայտնի էր ներկա արտիստներին. հունիսի 8-ի ներկայացմանը նա իր անձնական միջոցներով արտասահմանյան երկրներից արվեստի գործակալների էր հրավիրել, որոնց հետ Թատրոնի հյուրախաղերի ծրագրերի շուրջ էր բանակցելու՝ բեմադրությունը դիտելուց հետո.
« Մեկի անձնական հարցը ստորադասվեց բոլորիս՝ աշխարհում մեր արվեստը ցույց տալու հարցին։ Եթե դուք դա նորմալ եք համարում, ուրեմն ես բան չեմ հասկանում այդ մտածելակերպից ։ Ես ափսոսում եմ, որ այդպիսի հնարավորություն կորցրիք»։

Վերջում նախարար Ամիրյանը հայցեց այն ներկաների ներողամտությունը, որոնք հունիսի 8-ին ելույթ ունենալուց չէին հրաժարվել, բայց մյուսների հետ լսեցին իր դառը խոսքերը՝ երեկվա շտապ այցին ու այսօրվա ժողովում։
Իսկ դահլիճից հեռանալուց առաջ նախարարն իր ափսոսանքը փոխանցեց, որ այդպես էլ համարձակություն չունեցավ կամ չունեցան ոտքի կանգնելու նրանք, ում պատճառով նախորդ օրն առանց ներկայացում դիտելու նույն դահլիճից հեռացավ հանդիսատեսը։

Ցուցադրել ավելի
Back to top button