Քաղաքական

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ներկա մակարդակը:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին և կարևորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ:

Արա Բաբլոյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է հատկապես հիմա, երբ աշխարհը ցնցվում է ահաբեկչություններից, և այսօր էլ տեղի են ունենում ցեղասպանություններ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ երկրներն այդ ամենին համարժեք գնահատական պիտի տան»:
Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, և մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության զարգացման ուղղությամբ առաջընթացը տեսանելի է:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում և ընդգծել բարեկամ երկրների արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը Արա Բաբլոյանին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Էրիկաս Պետրիկասը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները և շնորհակալություն հայտնել ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովին՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:

Դեսպանն անդրադարձել է Լիտվա-Հայաստան փոխշահավետ համագործակցությանը տնտեսության, մշակույթի և առողջապահության բնագավառներում:

Արևելյան գործընկերության շրջանակում գնահատելով Հայաստանը որպես օրինակելի երկիր՝ Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր հնարավորություններ և շփման եզրեր կստեղծի բարեկամ երկրների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button