Վերլուծական

Ապրիլյան պատերազմն արթնացրեց Արեւմուտքն ու ՌԴ-ն


Ղարաբաղյան խնդրում  Մոսկվայի  դերակատարության կարևորությունն այսօր լուռ համաձայնությամբ ընդունում են նաև արեւմտյան փորձագետները:

Հռոմից Երևան ժամանած աշխարհաքաղաքական հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի ու «Եվրասիա» ծրագրից գիտաշխատող Ֆաբրիսսի Վիելմինիի խոսքով՝ 2016 թվականի ապրիլը միջազգային հանրությանը առարկայորեն ցույց տվեց, որ պատերազմի վերսկսման վտանգը բավականին մեծ է: Այն արթնացրեց Արևմուտքին ու ՌԴ-ին, ավելի մեծ ուշադրություն հրավիրեց  տարածաշրջանի վրա, ստիպեց ավելի լուրջ մոտենալու ղարաբաղյան խնդրին ու այդ ուղղությամբ դիվանագիտական քայլեր ձեռնարկել:

«Եթե նման իրավիճակ նորից կրկնվի՝ կնշանակի իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա, իսկ դա ոչ ոքի պետք չէ: Ոչ ՌԴ-ին և ոչ էլ Արևմուտքին պետք չէ նման լարվածություն: Հույս ունենք, որ 2017-ին համանման սցենարի կրկնություն չի լինի»:

Արևմուտքի քաղաքականությունը Հարավային Կովկասի ուղղությամբ իներցիոն բնույթ է կրում՝ առանց առանձնահատուկ ռազմավարության՝ ասաց   իտալացի  փորձագետը՝ նկատելով, որ տարածաշրջանից երկրները տարբեր ուղղություններով են ընթանում:

Գլխավոր խնդիրը Ռուսաստան-ԵՄ հակամարտությունն է, որը վնասակար է բոլորի համար և անհրաժեշտ է հաղթահարել այդ իրավիճակը՝ ասաց Վիելմինին:

«Բավականին հետաքրքրական է ՀՀ-ի փորձառությունն այս հարցում: Նոյեմբերին սպասվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրում։  ՀՀ –ն ԵՄ- ից  տեխնիկական աջակցություն է ակնկալում  կառավարման համակարգերը  բարելավելու և ներդրումների ուղղությամբ: Հույս ունեմ, որ Հայաստանը կգտնի հարաբերությունների մի այնպիսի ձևաչափ, որը թույլ կտա երկու խաղացողների՝ Ռուսաստանի ու ԵՄ շահերը ծառայեցնել տարածաշրջանի զարգացման ու  կայունության համար»:

Իսկ կգտնվի՞ արդյոք նման ձևաչափ. «Ռադիոլուրին» հարցին իտալացի փորձագետը պատասխանում է. «Բոլորին է անհրաժեշտ նման ձևաչափը, և ԵՄ- ին, և ՌԴ-ին»:

Ղարաբաղյան խնդրում երկու կարևոր իրադարձությամբ առանձնացրեց 2016-ը Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի  առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը: Նա բնականաբար ուշադրություն հրավիրեց ապրիլյան պատերազմի վրա՝ այն բնորոշելով որպես վերջին տասնամյակում մտահոգիչ  իրադարձություն։ Հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Սկակովի, Արցախում կայացած  սահմանադրական հանրաքվեն էր։ Դրանով Արցախն ու Հայաստանը զարգացման այլ ուղղություններ են ընտրում՝ մեկը կառավարման նախագահական, մյուսը՝ խորհրդարանական մոդելը։

Ապագայում դա որոշիչ հանգամանք կլինի՝ ասում է Սկակովը։

«Արցախին այն ապագայում հնարավորություն կտա զարգանալու որպես անկախ հանրապետություն: Ապագայում Արցախը հենց որպես անկախ առանձին պետություն էլ կներկայանա: Դա, բնականաբար, ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա: Արցախին  բանակցային սեղանի շուրջ բերելու հնարավորություն կտա»:

Առանց Արցախի խնդրի լուծում հնարավոր չէ՝ ասաց։ Իսկ դա, ըստ Սկակովի, կախված է Արցախից, Մոսկվայից, Վաշինգտոնից ու Բրյուսելից:

Back to top button