Հասարակություն

Աշխարհի ամեներկար զիփլայնը կգործարկվի հունիսի վերջին


Տավուշի մարզի Ենոքավան համայնքում հունիսի վերջերին ամենայն հավանականությամբ կգործարկվի աշխարհում  ամենաերկար զիփլայնը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են «Յելլ էքստրիմ Պարկ»-ի ներկայացուցիչները՝ խոսելով այդ նպատակով մայիսի 4-ին մեկնարկած 30-օրյա կոլեկտիվ դրամահավաքի արդյունքների մասին: «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը հայտնել է 30 օր տեւած դրամահավաքի ընթացքում հավաքվել է 22 հազար 167 ամերկյան դոլոր: Աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար պահանջվում է 200 հազար դոլար: Այդ գումարի մյուս մասը մասնավոր ներդրումներով կլրացվի:

 

Դրամահավաքի շրջանակում նախատեսված է եղել  հավաքել 20.000 ԱՄՆ դոլար, սակայն զիփլայն կառուցելու համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար. նախորդ դրամահավաքներից արդեն 100 հազար ԱՄՆ դոլար հավաքվել է։ Նախագծի իրականացման աջակիցները հետագայում կունենան օգտվելու հնարավորություն՝ ասաց «Յելլ էքստրիմ Պարկ»-ի մարքեթինգի ղեկավար Գեղամ Վարդանյանը: Ծրագրին դրամահավաքի ընթացքում ամենամեծ աջակցությունը ցուցաբերողները երկուսն են՝ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 1000 դոլարով եւ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Հարությունյանը՝ նույն չափով:

Եվս մեկ անգամ ներկայացնելով նախագծի նպատակներն ու առանձնահատկությունները՝ «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը համոզմունք հայտնեց, որ նախագծի դերը ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից զգալի է լինելու.

«Փորձում ենք գոնե մինչեւ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ ընդհանուր նախագիծն ավարտել եւ բացել ու սկսել շահագործել»:

Այսօր արդեն կա հինգ գիծ, գործում է ժայռամագլցման երեք ուղի, մեծ աշխատանքներ ենք կատարվել ընդհանուր արշավային ուղիների ուղղությամբ։ Ընդհանուր նախագծի ավարտով ամեն ինչ չէ, որ ավարտվելու է: Այդ ամենից հետո այլ ծրագրեր նույնպես կմեկնարկեն: Ընկերությունը նախատեսում է, որ 2-3 բազա էլ կունենան նաեւ Արցախի տարածքում: Որքա՞ն գումար կպահանջվի Արցախում դրա կառուցման համար՝ առայժմ հստակ չէ: «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի PR պատասխանատու Տաթեւիկ Սիմոնյանի փոխանցմամբ՝ այն դեռեւս նախագծման փուլում է:

«Երբ հստակեցնենք բիզնես-նախագիծը, հուսով եմ, որ այն կներկայացնենք ոչ թե արդեն Երեւանում, այլ՝ հենց Արցախում: Մեր նպատակն է զարգացնել առողջ ապրելակերպը եւ ակտիվացնել հատկապես երիտասարդությանը, ինչպես նաեւ զարգացնել այն համայնքները ցանկացած այն վայրում, որտեղ կլինի «Յելլ էքստրիմ Պարկ» նախագիծը»:

Ենոքավանի նոր ու ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մ երկարություն և 200-300 մ բարձրություն։ Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն։ Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկարը՝ Մեքսիկայում՝ 2545 մ։

Back to top button