ԿարևորՀասարակություն

Երբ երազանքներն իրականանում են․ COAF շահառուների հանդիպումը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ հրաշալի հնարավորություն ունեցան  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել… Պետք է նպատակներ ունենաք, հասնեք դրանց ու հետո նոր նպատակներ դնեք ձեր առջև։ Չկան բախտավոր կամ ոչ բախտավոր մարդիկ. բոլորն էլ կյանքում նույն հնարավորություններն են ստանում, բայց ոչ բոլորն են դրանցից օգտվում»,-երեխաներին խորհուրդ է տվել  28-ամյա ֆուտբոլային լեգենդը:
Հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ, հուզված ու ոգևորված երեխաներն աստիճանաբար հաղթահարել են իրենց երկչոտությունն ու սկսել հարցեր տալ հաջողության գաղտնիքների, հանրահայտ լինելու առավելությունների ու թերությունների, ֆուտբոլիստների օգտագործած թալիսմանների մասին։

«Ես սնահավատ չեմ, և չկա ինչ-որ թալիսման, որն ինձ ուժ է տալիս: Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»,-ասել է նա:

Զրույցից հետո Մխիթարյանը դարպասապահ է կանգնել, իսկ երեխաները փորձել են 11 մետրանոց տուգանային հարվածներ իրականացնել:

Միջոցառման ավարտին Մխիթարյանը երեխաներին կոչ է արել երբեք չթերագնահատել իրենց ներուժը. «Հենց ինքներդ եղեք այն փոփոխությունը, որ կուզեիք տեսնել ձեր համայնքներում ու ձեր շրջապատում։ Հպարտ եմ, որ Հիմնադրամի բարեկամն եմ»։

Back to top button